29 ապրիլի 2015 - 12:43 AMT
Հալեպում պայթեցվել է Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին

Հալեպում զինյալներն ապրիլի 28-ին պայթեցրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին: 15-րդ դարում կառուցված եկեղեցին պայթեցվել է եկեղեցու ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Եկեղեցին ամբողջովին հողին է հավասարեցվել, չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը:

Եկեղեցին գտնվում է Հալեպի պատմական Ջդեյդե թաղամասում: Եկեղեցու շուրջ գտնվում է հայկական գերեզմանատուն: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է: Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, հաղորդում է Civilnet.am-ը:

Սա Սիրիայում քրիստոնեական արժեքների ոչնչացման միակ դեպքը չէ: Հալեպում հրկիզվել է նաև Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Այն ևս հայտնվել էր բախումների կիզակետում, ապա հրկիզվել և ավերվել։ Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաև եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը: Սուրբ Գևորգը կառուցվել էր Ցեղասպանությունը վերապրած և Հալեպում հաստատված հայրերի նախաձեռնությամբ և ուժերով:

Իսկ 2014-ի սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։

Տարիներ շարունակ այն դարձել էր ուխտատեղի, ուր այցեր են կազմակերպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Հայ օգնության միությունը»։ 2010 թվականի մարտին այս վայրն է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, ուր ակնկալվում էր, որ նա պետք է հայտարարեր ֆուտբոլային դիվանագիտության դադարեցման մասին, սակայն մի շարք պատճառներով դա տեղի չունեցավ։ Դեր Զորում, մինչև ռազմական գործողությունները բնակվում էր մոտ 20 հայ ընտանիք։