ՌԴ ԱԳ փոխնախարարը հնարավոր չի համարում Մինսկի խմբի ձևաչափի փոփոխումը. «Գործընթացը կաղճատվի»

ՌԴ ԱԳ փոխնախարարը հնարավոր չի համարում Մինսկի խմբի ձևաչափի փոփոխումը. «Գործընթացը կաղճատվի»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահության գործունեության շրջանակում կուտակվել է յուրահատուկ միջնորդական փորձառություն, և ձևաչափը փոփոխելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի աղճատման ու կողմերի դիրքորոշումներում հետընթացի: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ո՛չ կողմերը, ո՛չ միջնորդները չպետք է ակնկալեն, թե դրսից ինչ-որ տեղից կհայտնվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակնթարթային կարգավորման «կախարդական դեղատոմսեր», նշել է Կարասինը՝ պատասխանելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոփոխելու, մասնավորապես՝ Գերմանիային և Թուրքիային դրանում ընդգրկելու առաջարկների վերաբերյալ ադրբեջանական գործակալության հարցին:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը շեշտել է, որ Մինսկի խմբի խնդիրը հակամարտության կողմերին աջակցելն է, և միջնորդները կարող են օգնել, հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, սակայն կարգավորումը կախված է ոչ թե նրանցից, այլ կողմերից: «Սա ցանկացած կարգավորման աքսիոմն է: Այդ առումով Լեռնային Ղարաբաղի ողբերգական հակամարտությունը, որքան էլ խորը և բարդ լինի, բացառություն չէ», - ասել է Կարասինը:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ամեն գնով ջանում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Մինչդեռ ընթացիկ տարվա մարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ բանակցություններում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը: «Հենց այդ պատճառով էլ համանախագահները այցելություններ են կատարում Լեռնային Ղարաբաղ, հանդիպում են տեղի «դե ֆակտո» ղեկավարության և հասարակության այլ անդամների հետ»,- նշել է համանախագահը:

ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, արձագանքելով այս հայտարարությանը, ասաց. «Չնայած անուղղակի ձևով է ասված, սակայն, այնուամենայնիվ, պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորված լինել: Սա կարևոր հայտարարություն են համարում»: Բաբայանը նշել է, որ բնակչության շահերն Արցախից լավ որևէ մեկը չի կարող ներկայացնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---