30 ապրիլի 2015 - 14:47 AMT
Huffington Post. Անհանգստացնող է, որ Թուրքիան ժխտելուց բացի Ցեղասպանությունն ընդունողներին մեղադրում է

Մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի դեսպանատանը մահմեդական համայնքների առաջնորդների հետ շքեղ ընթրիքի և ընդունելության ընթացքում ես և ինձ պես համայնքի ավելի քան 20 ներկայացուցիչներ հայտնվեցինք մոլորության մեջ, որի կենտրոնում Հայոց ցեղասպանության հերքումն էր, The Huffington Post-ում հրապարակված իր հոդվածում գրել է քաղաքացիական իրավունքում և քաղաքացիական ազատության հարցերում մասնագիտացած փաստաբան Յասմին Թաեբը՝ պատմելով Անկարայի՝ ԱՄՆ մահմեդական կազմակերպություններին Ցեղասպանության հարցում իր կողմը գրավելու քաղաքականության մասին, գրում է ArmenianGenocide100.org-ը:

Պարզ էր, որ միջոցառումը, ըստ էության, կազմակերպված էր Ամերիկայի մահմեդականների և Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգում նրանց աջակցությունը ստանալու համար, գրել է Թաեբը և հավելել, որ միջոցառումից հետո ստացել է էեկտրոնային նամակներ, որոնց բովանդակությունը հերքում էր Օսմանյան կայսրության կողմից հայ համայնքի ցանկացած տեսակի համակարգված ոչնչացումը և կոչ էր անում ինձ աջակցել իրենց Կապիտոլիումում «1915-ի դեպքերի» վերաբերյալ:

«Այս ամիս լրանում էր Օսմանյան կայսրության կողմից հայերի ոչնչացման 100-րդ տարելիցը: Մինչև 1923 թվականը Օսմանյան կայսրության հայերի ավելի քան 90%-ն անհետացել էր. նրանց արտաքսում էին, խոշտանգում, մահապատժի ենթարկում ու բռնաբարում: Երբ 1944 թվականին Ռաֆայել Լեմկինը հնարեց «ցեղասպանություն» բառը, նա բացատրեց այն որպես «ազգի կամ էթնիկ խմբի ոչնչացում»: Այդ զանգվածային ոչնչացումների ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն իր հուշերում վառ կերպով ներկայացրել էր՝ «երբ թուրք իշխանությունը հրամայել է այս տեղահանումները, նրանք պարզապես մահ էին երաշխավորում մի ամբողջ ազգի. նրանք դա շատ լավ էին հասկանում և ինձ հետ զրույցնեում նրանք նույնիսկ չէին փորձում թաքցնել այդ փաստը»:

Թեև որոշ երկրների ղեկավարները, այդ թվում՝ նաև մեր, չեն ցանկանում կիրառել «ցեղասպանություն» բառն այս սարսափելի ոճրագործության մասին խոսելիս, վերապրածների և պատմաբանների կողմից մանրակրկտորեն վավերագրված փաստերը և իրադարձությունները չեն կարող հերքվել», - գրել է Թաեբը և հավելել, որ ԱՄՆ նախագահ Օբաման դեռ 2008-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ միանշանակ հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանությունը ենթադրություն, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այն վավերագրված փաստ է: Անընդունելի է այն պաշտոնական քաղաքականությունը, որը կոչ է անում դիվանագետներին աղավաղել պատմական փաստերը… Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

Իսկ Ֆրանցիսկոս Պապը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ճանաչման արարողությանն ասաց. «Չարիքը թաքցնելը կամ հերքելը նման է նրան, որ թույլ տան վերքն անվերջ արնահոսի՝ առանց այն վիրակապելու»: Պապի հայտարարությանն ի պատասխան՝ Անկարան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին՝ Վատիկանին մեղադրելով «քաղաքական լոբբինգով և PR-ով» ազդված լինելու մեջ:

Թաեբըը նկատել է՝ անհանգստացնող է այն, որ Թուրքիան ոչ միայն փորձում է անհետացնել հայ համայնքի հանդեպ իրականացրած ոճրագործությունը, այլև պնդում է, որ ճշմարտության ցանկացած աջակցում կապված է PR-ի կամ լոբբինգային քաղաքականության հետ: Սակայն դա հենց այն է, ինչ Անկարան էր անում՝ ծախսելով միլիոնավոր դոլարներ, որպեսզի «ցեղասպանություն» բառն այդպես էլ չարտասանվի:

«ԱՄՆ Մահմեդական կազմակերպությունների խորհուրդը հրապարակել է Հայոց ցեղասպանությունը հերքող հայտարարություն՝ բուռն աղմուկ բարձրացնելով ամերիկացի մահմեդականների համայնքում:

«1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն բնութագրելն առանց անկախ պատմաբանների պատշաճ քննարկման՝ ոչ միայն վտանգում է այդ իրադարձությունների հետ կապված հիշողությունները, այլև վնասում է թուրքերի և հայերի միջև հաշտեցմանն ուղղված ջանքերին», – ասված է հայտարարության մեջ», -մեջբերել է Յասմին Թաեբը և հավելել, որ միանգամայն անընդունելի է հերքել վայրագությունների պատմական փաստերը և կեղծ պնդել, թե գիտնականներն ու պատմաբանենրը այդ իրադարձության վերաբերյալ չեն եկել որևէ եզրահանգման:

Միանգամայն ցավալի է նաև այն, որ կազմակերպությունը, նախքան հայտարարությունը տարածելը, չի հոգացել համայնքի հետ քննարկումներ անց կացնելու մասին. «Մահմեդական կազմակերպությունների խորհուրդն, իհարկե, չի խոսում իմ կամ իմ բազմաթիվ ամերիկացի մահմեդական ընկերների անունից, որոնք ճշմարտության և պատմական փաստերի կողքին են՝ ի պաշտպան ամերիկահայերի: Թե՛ թուրքերը, թե՛ հայերը հաշտեցում են ցանկանում, սակայն այն չի կարող լինել առանց անցյալի հանցագործությունների ճանաչման և ընդունման»:

«Անհրաժեշտ է ճանաչել զոհերի մարդկային արժանապատվությունը: Առանց ճանաչման հետագա սերունդները չեն կարողանա հավուր պատշաճի սգալ և ապաքինվել», – ասել է պատմության պրոֆեսոր, դոկտոր Թաներ Աքչամը Կոնգրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված լսումներին իր ելույթում»: