Խարբերդի հայկական եկեղեցին կվերածվի հյուրանոցի

Խարբերդի հայկական եկեղեցին կվերածվի հյուրանոցի

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսավեր հայկական բողոքական եկեղեցին, որն այժմ օգտագործվում է որպես ավտոկայանատեղի, պատրաստվում են քանդել և տեղում հյուրանող կառուցել:

Ավտոկայանատեղիի սեփականատեր Ջոշքուն Դուրանը կարողացել է եկեղեցու տեղում հյուրանոց կառուցելու թույլտվություն ստանալ թուրքական իշխանություններից: Հայկական այդ եկեղեցին ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում:

T24 թուրքական լրատվակայքի լրագրող պոլսահայ Արիս Նալջըի այն հարցին, թե ինչպես է տրամադրվել թույլտվությունը այն պայմաններում, երբ եկեղեցին պահպանության տակ է գտնվում, Դուրանը պատասխանել է, որ մասնագետները նշել են՝ այդ շինությունը չի կարող կրոնական լինել, քանի որ երկհարկանի է և շատ պատուհաններ ունի:

Հայկական բողոքական եկեղեցին, որը 1973 թվականին Դիարբեքիրի մշակութային և բնական ժառանգության պահպանության վարչության կողմից ինչ-ինչ պատճառներով գրանցվել է որպես «Ասորական պատմական եկեղեցի» այսօր մասնավոր սեփականության կարգավիճակ ունի:

19-րդ դարավերջին կառուցված եկեղեցին Ցեղասպանությունից հետո առանց տերերի մնացած այլ եկեղեցիների նման երկար ժամանակ օգտագործվել է տարբեր նպատակներով: Հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ալյուրի ֆաբրիկա, այնուհետև մատնվել անտերության: Մի որոշ ժամանակ այստեղ է կազմակերպվել շաբաթական տոնավաճառը, այնուհետև օգտագործվել է որպես ոչխարների գոմ:

2007-ին արված պաշտոնական հայտարարության համաձայն՝ եկեղեցին պետք է վերածվեր հիվանդանոցի՝ առանց ճարտարապետական տեսքի աղավաղման:

Եկեղեցու՝ Էլազըղի կենտրոնում գտնվելու պատճառով, այն դարձել է ամենապահանջված կայանտեղիներից մեկը: Ընդ որում մեքենաների կայանման համար օգտագործվում է ոչ միայն եկեղեցու շրջակայքը, այլև հենց շենքի ներսի մասը: Չափերով ավելի մեծ մեքենաներն էլ ելումուտ անելիս վնասում են եկեղեցու մուտքի քարերը, հաղորդում է Ermenihaber-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---