5 մայիսի 2015 - 14:08 AMT
ԼՂՀ նախագահի խոսնակ. Բաղդասարյանի գործով դատարանն իրականացրել է Ադրբեջանի իշխանությունների պատվերը

Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ ստալինյան բռնաճնշումների օրոք կիրառվող մոտեցում դրսևորեցին, երբ մարդուն առանց դատի և քննության դատապարտում էին մահվան կամ աքսորի։ Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին խիստ ռեժիմի պատժիչ հաստատությունում 15 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը, հայտնում է NovostiNK.ru-ն:

Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, «դիվերսիան» ետ մղելիս: ԼՂՀ ՊԲ-ն հերքեց դիվերսիայի փորձը, իսկ ինքը Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից:

«Միակ տարբերությունն այն է, որ Արսենին բարեբախտաբար գնդակահարության չեն դատապարտել։ Սա չթաքցրած քաղաքական գործընթաց է, դատարանը իրականացրել է Ադրբեջանի իշխանությունների պատվերը։ «Դատ» կոչվող կեղծիքը անցել է փակ դռների հետևում, չեն պահպանվել մարդու տարրական իրավունքները, գերուն անգամ փաստաբան չի տրամադրվել։ Բանն այն է, որ անգամ ամենացածր որակավորման իրավաբանը կարող էր հերքել Բաղդասարյանի մեղքն «ապացուցող» կեղծ փաստերը։ Ավելին՝ դատական նիստերին ներկա չեն եղել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԿՄՄԿ ներկայացուցիչները։ Դա նացիզմի և բռնաճնշումների դասական դրսևորում է»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ Բաքուն պատրաստվում է ընդունել առաջին Եվրոպական խաղերը։ «Շատ հիշեցնում է Բեռլինում Հիտլերի իշխանության գալուց հետո Օլիմպիական խաղերի կազմակերպումը։ Եվրոպան հիմա ամաչում է հիշել այդ մասին։ Ադրբեջանի իշխանությունների վարքը բացասական է անդրադառնում առաջին հերթին հենց այդ երկրի հասարակության վրա. նացիստական գաղափարախոսություն որդեգրած երկրները վատ են վերջացնում»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացած «դատավարության» ժամանակ դատախազ Անար Միրքիշիևը պահանջել է Արսեն Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում: Արսեն Բաղդասարյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:

Բաղդասարյանին «մեղադրանք է ներկայացվել» 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 282.2 (պայթեցման, հրկիզման կամ այլ գործողությունների, ուղղված ձեռնարկությունների, կառույցների, հաղորդակցության ուղիների, կապի և հաղորդակցության միջոցների, բնակչության կենսաապահովման օբյեկտների փլուզմանը կամ վնասմանը` Ադրբեջանի Հանրապետության պաշտպանունակության և տնտեսական անվտանգության խարխլման նպատակով, ինչպես նաև զանգվածային թունավորում կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների տարածում նույն նպատակով) հոդվածներով:

Արսեն Բաղդասարյանը Ստեփանակերտում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների համար Բաքվի «վրեժի» զոհը դարձավ:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր իր դիվերսանտներին փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: