13 սեպտեմբերի 2006 - 17:58 AMT
Սենատոր Մենենդեզը «սառեցրել է» Ռ. Հոգլանդի թեկնածության հաստատումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Սենատոր Ռոբերտ Մենենդեզը «սառեցրել է» Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռ. Հոգլանդի թեկնածության հաստատման գործընթացը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA): Սենատորի խոսքերով, «ամերիկյան ժողովուրդը պարտավոր է ելույթ ունենալ անարդարության դեմ, աջակցել հավասարությանը եւ պաշտպանել մադրու իրավունքները»: «Սակայն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմը շարունակում է խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից: Դա հանդիսանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռ. Հոգլանդի թեկնածության հաստատման գործընթացի «սառեցնելու» իմ որոշման պատճառներից մեկը»,- նշել է նա: «ԱՄՆ Սենատի իմ գործընկերների հետ ես շարունակելու եմ ջանքեր գործադրել նրա համար, որպեսզի մարդիկ, անկախ ռասայից, կրոնից եւ ազգությունից, պաշտպանված լինեն թշնամանքի եւ իրավունքների ոտնահարման քաղաքականությունից, ինչը բերում է ցեղասպանության»,- ընդգծել է սենատոր Մենենդեզը: