7 մայիսի 2015 - 12:33 AMT
Ճապոնիայում ՌԴ դեսպան. ԽՍՀՄ նախկին երկրները ընդհանուր պարտք ունեն` զերծ պահել աշխարհը նոր սպառնալիքներից

ԽՍՀՄ նախկին երկրների ընդհանուր պարտքն է զերծ պահել աշխարհը նոր սպառնալիքներից` դա պատերազմում զոհվածների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցն է, հայտարարել է Ճապոնիայում ՌԴ դեսպան Եվգենի Աֆանասևը այդ երկրում Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի դեսպանների ընդհանուր մամուլի ասուլիսում, որը նվիրված է Հաղթանակի 70-ամյակին:

«Նախկին ԽՍՀՄ երկրները վճռորոշ ավանդ ունեն նացիզմի ջախջախման և Եվրոպայի ազատագրման գործում: Մենք կրեցինք նաև ամենամեծ կորուստները: Մեր երկրներում յուրաքանչյուր ընտանիքում կան մարդիկ, որոնք կամ զոհվել են այդ պատերազմում, կամ կռվել են, այսինքն այս տարեդարձը վերաբերվում է յուրաքանչյուրին»,-ասել է դեսպանը: Բելառուսի դեսպան Սերգեյ Ռախմանինովն ասել է, որ «Մեծ հաղթանակը ԽՍՀՄ բոլոր ժողովրդների պայքարի արգասիքն է` մենք միասնական էինք, դրա համար էլ հաղթեցինք»:

«Բելառուսում սկսվեց այն, ինչ չէր հաջողվել ոչ մի եվրոպական երկրի` նացիստական Գերմանիայի ջախջախումը: Խորհրդային բանակում մարտնչում էր 1,3 մլն բելառուս, այսինքն բնակչության 13 տոկոսը: Բելառուսը դարձավ դասական պարտիզանական պայքարի երկիր: Մոտ 1300 պարտիզանական ջոկատ է գործել հանրապետության տարածքում, որոնց կազմում ընդգրկված էր բնակչության 4 տոկոսը»,-ասել է դեսպանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ՌԴ-ն, Հայաստանն ու Բելառուսը որպես ԱՊՀ անդամ երկրներ 2014-ի հոկտեմբերին Մինսկում ստորագրեցին ԱՊՀ անդամ պետություններին և համայն մարդկությանն ուղղված ուղերձը Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մտահոգություն է հայտնվում պատերազմի բարոյական և իրավական գնահատականները խեղաթյուրելու, զոհերին ու դահիճներին հավասարեցնելու, ռասայական և ազգային խտրականության տեսությունները վերակենդանացնելու միտումների վերաբերյալ»:

Այս օրերին Ճապոնիայում ՌԴ դեսպանատանը կազմակերպվել է պատերազմի տարիների լուսանկարների, փաստաթղթերի և պաստառների ցուցադրություն:

Մեծ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները՝ միութենական մյուս հանրապետություններից։

200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Բրեստի ամրոցում և շրջակայքում պատերազմի սկզբում ծառայում էր շուրջ 200 հայ զինվոր:

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ: Հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայ զորահրամանատարներից չորսը արժանացան ռազմական ամենաբարձր՝ մարշալի կոչմանը։ Նրանք էին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տես-Իսահակյան):