8 մայիսի 2015 - 10:14 AMT
Թուրքիայի հերթական դեմարշը. Անկարան հետ է կանչել դեսպանին Լյուքսեմբուրգից

Թուրքիան հետ է կանչում դեսպանին Լյուքսեմբուրգից այդ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու կապակցությամբ, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Դատապարտում և կտրականապես մերժում ենք Լյուքսեմբուրգի խորհրդարանի որոշումը: Երբ խորհրդարանականներն իրենց դնում են միջազգային դատարանի տեղը, ապա դրանով բռնանում են պատմության և իրավունքի հանդեպ: Մեր դիրքորոշման մասին իրազեկվել է Անկարայում Լյուքսեմբուրգի դեսպանը, որը կանչվել է ԱԳ նախարարություն: Լյուքսեմբուրգում Թուրքիայի դեսպան Լևենթ Շահինքայը հետ է կանչվել Անկարա խորհրդակցությունների համար»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրքերը հիշում են հայերի հետ համատեղ «պատմության դառը էջերի մասին հարգանքով բոլոր զոհվածների հանդեպ»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Today’s Zaman-ը:

Լյուսքեմբուրգի Ներկայացուցիչների պալատն մայիսի 6-ինՀայոց ցեղասպանությունը ճանաչողբանաձև է ընդունել: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է խորհրդարանի պատգամավոր, Պալատի փոխխոսնակ Լորան Մոզարը՝ նշելով, որբանաձևն ընդունվել է միաձայն:

Փաստաթղթի հեղինակը Լյուքսեմբուրգի քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունն էր: Կուսակցությունը ձգտում է, որ Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը հետևի Ֆրանսիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի օրինակին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ըստ պատգամավոր Լորան Մոզարի, նախագծում ասվում է, որ «1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին»:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ` Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Շարունակվում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը։ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ընդգծում է, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել սեփական պատմությանը։

Այս բանաձևի ընդունմամբ Լյուքսեմբուրգը համալրեց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը և իր կարևոր ներդրումը բերեց մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»: