Tesla Motors-ը համեմատաբար էժան էլեկտրոմոբիլ կներկայացնի

Tesla Motors-ը համեմատաբար էժան էլեկտրոմոբիլ կներկայացնի

PanARMENIAN.Net - Գերմանական BMW կոնցերնը վերջերս հայտարարեց, որ մտադիր է արտադրել 3-րդ սերնդի էլեկտրոմոբիլ, որն ամերիկյան Tesla-ներից մատչելի կլինի: Միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունն անպատասխան չթողեց գերմանացիների առաջարկը և մտադիր է 2016-ի մարտին ներկայացնել նոր Tesla Model 3 էլեկտրոմոբիլը: Ներդրողների հետ հանդիպմանը Մասկը հայտարարել է, որ անոնսի ժամկետը դեռ նախնական է և կարող է փոխվել:

Դատելով շրջանառվող լուրերից` էլեկտրոմոբիլի արժեքը կլինի 35 հազար դոլար, իսկ մի լիցքավորումը բավարար կլինի 300 կմ անցնելու համար: Դա թույլ կտա ընկերություններին «առավել մատչելի մեքենա» առաջարկել գնորդին, այն դեպքում, երբ թանկարժեք ու ճոխ Model S-ն ու Model X-ը կմնան էլեկտրոմոբիլների պրեմիում դասում: Ըստ նույն լուրերի, Model 3-ը 20 տոկոսով էժան կլինի Model S-ից: Առավել կոմպակտ և համեմատաբար ավելի էժան մոդելի առկայությունը թույլ կտա Tesla Motors-ին գնորդների ավելի լայն շերտերի գրավել:

Մասկը պարզաբանել է, որ թեև էլեկտրոմոբիլը ներկայացվելու է 2016-ի մարտին, արտադրությունը կսկսվի միայն 2017-ի վերջում: Ըստ նրա, դա առավել իրատեսական ժամկետն է: Ինչ վերաբերում է ճոխ Model X-ին, որն արդեն որոշ ժամանակ անց կարտադրվի, ապա ընկերությունն արդեն ընթացիկ տարվա հուլիսին կսկսի առցանց պատվերների ընդունումը:

«Դա իրոք գերազանց մեքենա է, ճանապարհին այն իրեն որպես սպորտային մեքենա է դրսևորում, սակայն միևնույն ժամանակ նաև ամենագնաց է: Նրա արտադրողականությունը սահմաններից վեր է, բարդ է համեմատության եզրեր ունեցող մեկ այլ ավտոմեքենա գտնել»,-հայտարարել է ամերիկացի միլիարդատերը:

Tesla Motors-ը ամերիկյան ավտոմոբիլային ընկերություն է, որը զբաղվում է էլեկտրոմոբիլների արտադրությամբ: Կոչված է համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի էլեկտրատեխնիկ ու ֆիզիկոս Նիկոլա Տեսլայի պատվին: Ընկերության բոլոր պատենտները բաց հասանելիություն ունեն, այդ թվում տնային մարտկոցների մշակման պատենտը:

Իլոն Մասկը ամերիկացի ինժեներ է, ձեռնարկատեր, գյուտարար և ներդրող, որը հարավաֆրիկյան ծագում ունի: Նա միլիարդատեր է, հիմնել է SpaceX, Tesla Motors և PayPal ընկերությունները, զգալի հաջողությունների է հասել տեղեկատվական տեխնոլոգիաների, հրթիռաշինության և մեքենաշինության ոլորտներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---