Երևանը՝ Եվրոպական ուսանողական մայրաքաղաք

Երևանը՝ Եվրոպական ուսանողական մայրաքաղաք

PanARMENIAN.Net - Երևանը փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է 2015 թ. Եվրոպական ուսանողական մայրաքաղաք: Քաղաքապետարանի ճեմասրահում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանը 2015 թվականի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին, նաև՝ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին:

«Անշուշտ, պատվաբեր է լինել այս տարվա Եվրոպական ուսանողական մայրաքաղաքը, ինչը, թերևս նաև օրինաչափ է, քանզի ուսանողներին և ընդհանրապես երիտասարդությանն առնչվող հարցերը միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ երիտասարդների հետ տարվող աշխատանքներն էլ` դիտվել մեր առաջնահերթությունների շարքում»,- ընդգծել է քաղաքապետը:

Առանձնակի կարևորելով երիտասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու մայրաքաղաքի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:

«Երևանի քաղաքապետին կից գործող երիտասարդների խորհուրդը, որի ակտիվ անդամներից է նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, իր անմիջական ու կարևոր մասնակցությունն ունի մայրաքաղաքում իրականացվող բոլոր ծրագրերում, որոնց մի մասն, ի դեպ, հենց երիտասարդության կողմից արված առաջարկությունների հիման վրա է կազմվում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Եվրոպական ուսանողական միության նախագահ Էլիզաբեթ Գեհրկեն էլ, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, նկատել է, որ Հայաստանի մայրաքաղաքն իսկապես երիտասարդության շնչով առլեցուն քաղաք է, և համոզմունք է հայտնել, որ Երևանը պատվով կկրի Եվրոպական ուսանողական մայրաքաղաքի կոչումը:

«Թեև կարճ ժամանակ է, ինչ Երևանում եմ, սակայն արդեն հասցրել եմ հիանալ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ բնակիչների ջերմությամբ ու հյուրընկալությամբ: Վստահ եմ, որ 2015 թվականի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում կազմակերպվող բոլոր միջոցառումներն ուրույն հնարավորություն կընձեռեն էլ ավելի խորությամբ ուսումնասիրել փոխադարձ փորձն ու նախանշել դրանց փոխանակման արդյունավետ եղանակները», - նշել է Էլիզաբեթ Գեհրկեն՝ հավելելով, որ 1982թ.-ին հիմնադրված Եվրոպական ուսանողական միությունը ներկայացնում է եվրոպական 39 երկրի 47 ազգային ուսանողական միություն:

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ) 2013թ.-ի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Զագրեբում (Խորվաթիա) ընթացող Եվրոպական ուսանողական միության 65-րդ կառավարման խորհրդին հայտ էր ներկայացրել 2015թ.-ին հյուրընկալել Եվրոպական ուսանողական ամենահեղինակավոր կազմակերպությանը: 2015թ.-ի ԵՈւՄ գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար պայքարում էին Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան (Հայաստան) և Իսրայելի Ազգային Ուսանողական Միությունը (Իսրայել): Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվեց Երևանը և այդպիսով հռչակվեց նաև 2015 թ. Եվրոպական ուսանողական մայրաքաղաք:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---