Արցախի ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ-ում կուսակցությունների մանդատների թիվը

Արցախի ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ-ում կուսակցությունների մանդատների թիվը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 2015թ. մայիսի 3-ի ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցություններին հասանելիք համամասնական մանդատների թիվը: Ըստ այդմ` ընտրությունների արդյունքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, կստանա 11 մանդատ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 1 մանդատ և այդ միակ պատգամավորը կլինի Հայկ Խանումյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ 4 մանդատ, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»՝ 4 մանդատ, «Շարժում 88» կուսակցությունը՝ 2 մանդատ, ասվում է ԼՂՀ ԿՀՎ հաղորդագրության մեջ:

Ըստ ԼՂՀ Ընտրական օրենսգրքի, կուսակցություններն իրենց անվանական ցուցակները պետք է ներկայացնեն մանդատների թվի հրապարակման օրվանից հետո 7 օրվա ընթացքում։ Մայիսի 18-ին կկայանա կուսակցությունների անվանական ցուցակների հաստատումը:

Մայիսի 3-ին Արցախում կայացած խորհրդարանակն ընտրությունների ընթացքում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 042, իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296 կամ ընտրողների ընդհանուր թվի 70, 8 տոկոսը: Տարածքային ոչ մի ընտրական հանձնաժողով ընտրությունների ընթացքի վերաբերյալ գրավոր դիմում-բողոք չի ստացել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել երեք բողոք կամ դիմում, որոնցից երկուսին հարցը կարգավորված է ի օգուտ դիմումատուների, իսկ մեկը քննարկման փուլում է», - ասել է Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում, անդրադառնալով Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին, նշել են. «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---