Նախագահ. Ադրբեջանը խուսափում է ՀՀ-ում անգամ ապաքաղաքական սեմինարին մասնակցությունից

Նախագահ. Ադրբեջանը խուսափում է ՀՀ-ում անգամ ապաքաղաքական սեմինարին մասնակցությունից

PanARMENIAN.Net - Մայիսի 6-11-ը Հայաստանում անցկացվում է Համաշխարհային սկաուտական շարժման «Եվրասիա» տարածաշրջանի սկաուտական կոմիտեի նիստը, որին մասնակցում են Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչները և Համաշխարհային կոմիտեի անդամները: Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 11-ին ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, կարևորել սկաուտության առաքելությունն ու շարժման կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված պետությանն արժանի, կրթված և ճիշտ արժեքներ կրող, ֆիզիկապես և հոգեպես առողջ սերնդի դաստիարակությանը:

Նախագահականից հայտնում են, որ ընդգծելով՝ Հայաստանում երեխաների և երիտասարդների շրջանում նման կրթադաստիարակչական աշխատանքներ իրականացնող այլ կազմակերպություններ էլ կան, Սերժ Սարգսյանը նշել է՝ որքան շատ լինեն այդպիսի շնորհակալ աշխատանքով զբաղվող կառույցները, այնքան կշահեն պետությունն ու հասարակությունը:

Հանրապետության նախագահը կարևորել է սկաուտական միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ Հայաստանի ազգային սկաուտական շարժման սերտ գործակցությունն ու տարիներ շարունակ հետևողականորեն համահայկական և միջազգային միջոցառումների կազմակերպումը, որը, նախագահի համոզմամբ, համագործակցության, փորձի փոխանակման, ջերմ ու բարեկամական հարաբերությունների ձևավորման տեսանկյունից ևս չափազանց կարևոր է:

Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած 1989 թվականից գործող Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը 1997 թվականից է դարձել Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ, այդուհանդերձ, կազմակերպությունը դեռևս 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում հիմնված Հայ մարմնակրթական ընդհանուր միության ավանդույթների կրողն ու շարունակողն է:

Ողջույնի խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Համաշխարհային սկաուտության կողմից նախաձեռնած «Խաղաղության սուրհանդակներ» ծրագրին՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու տարածմանը և շեշտել, որ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ձգտող Հայաստանի համար դա չափազանց կարևոր ծրագիր է: Նախագահի համոզմամբ, Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում այսօր անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված մարտահրավերների առկայության պայմաններում նման նախաձեռնություններն առավել քան կարևոր են և արդիական:

Նախագահը ներկայացրել է Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և ընդգծել, որ Հայաստանն անում է ամեն հնարավորը՝ վստահության ստեղծման, կառուցողական բանակցությունների անցկացման համար: Այդ նպատակով մեր երկիրը նաև մասնակցում է Ադրբեջանում անցկացվող միջազգային կամ տարածաշրջանային տարբեր միջոցառումների, մինչդեռ Ադրբեջանը խուսափում է Հայաստանում այդպիսի միջոցառումներին՝ անգամ սկաուտական շարժման ապաքաղաքական սեմինարին մասնակցությունից:

Նախագահը նշել է, որ բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պետականորեն ջանքեր են գործադրվում երիտասարդների ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծման համար:

Հանդիպմանը սկաուտական շարժման գլխավոր քարտուղարը և բոլոր մասնակիցները շնորհակալություն են հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ հյուրընկալության և Հայաստանում սկաուտական շարժմանը ցուցաբերած աջակցության ու մշտական ուշադրության համար, նշել, որ հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված է անցկացնել ևս մեկ մեծ միջոցառում՝ տարածաշրջանային համաժողով: Սկաուտական շարժման մասնակիցները հույս են հայտնել, որ նախագահը միջոցառման շրջանակներում կհյուրընկալվի Բյուրականի սկաուտական բանակավայրում:

Սկաուտությունն արտադպրոցական կրթադաստիարակչական համակարգ է, որի նպատակը պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր և ազատասեր սերունդ պատրաստելն է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---