Գերմանիայում Էրդողանին դիմավորել են բողոքի ակցիաներով

Գերմանիայում Էրդողանին դիմավորել են բողոքի ակցիաներով

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Գերմանիայում հազարավոր մարդիկ էին դուրս եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիայի: Էրդողանը Գերմանիա է ժամանել քարոզելու գերմանաբնակ Թուրքիայի քաղաքացիներին, որ վերջիններս մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: Մինչև ընտրությունները մեկ ամսից էլ քիչ է մնացել, սակայն գերմանաբնակ թուրքերը կարող են վաղաժամ քվեարկել` մինչև մայիսի վերջը:

Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել Կառլսռուե տաղավարում, որտեղ հավաքվել էին նրա կողմակիցները` մոտ 14 հազար մարդ: Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին անվանել է «երկրից դուրս ապրող ուժ» և կոչ է արել մարդկանց գնալ ընտրատեղամասեր և քվեարկել: Նա նաև հայտարարել է, որ կարևորում է ինտեգրումը, սակայն հիշեցրել է, որ չի կարելի մոռանալ սեփական լեզուն և կրոնը: «Մի մոռացեք ձեր լեզուն, հակառակ դեպքում` կմոռանաք ինքներդ ձեզ»,-ասել է Էրդողանը:

Էրդողանի ելութն ուղեկցվել է բոլոքի ակցիաներով: Թուրքական իշխանությունների քաղաքականության դեմ բողոքող հազարավոր մարդիկ են հավաքվել ցուցադրությունների կենտրոնի շենքի մոտ: Նրանց և Էրդողանի կողմնակիցների միջև, որոնք չէին կարողացել ներս մտնել, բախումներ էին առաջանում: Ոստիկանությունը հայտնում է բազմաթիվ տուժածների և երկու ձերբակալվածների մասին, հայտնում է DW-ն:

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Թուրքիայում կմասնակցի 19 կուսակցություն: Նախկինում ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած 31 կուսակցություններից 12-ը չեն ներկայացրել թեկնածուների ցուցակներն ու դուրս են մնացել պայքարից, հայտնել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը:

10 տոկոսի շեմի հաղթահարման գլխավոր հավակնորդներն են իշխող ԱԶԿ-ն, ձախակենտրոն Ժողովրդահանրապետական կուսակցությունը, ազգայնական Ազգային գործողության կուսակցությունն ու քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը:

Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցնում են 4 տարին մեկ: Վերջին ընտրությունները եղել են 2011-ի հունիսի 12-ին: Այն ժամանակ հաղթեց ԱԶԿ-ն, որի առաջնորդն այժմ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է:

Photo: DPA
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---