Նոբելյան մրցանակակիրը` Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամ

Նոբելյան մրցանակակիրը` Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամ

PanARMENIAN.Net - Ֆիզիկայի բնագավառում 2011թ. Նոբելյան մրցանակակիր ավստրալացի աստղագետ Բրայան Շմիդտը դարձել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամ։ Համաձայն կանոնակարգի, այդ հանձնաժողովը յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ փոխում է իր կազմի մեկ երրորդը։ Սա բացառիկ երևույթ է և վկայում է հայ գիտության միջազգային կարևորության մասին։ Հիշեցնենք նաև, որ մեկ այլ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ամերիկացի աստղագետ Ջոն Մաթերը, 2004թ. մասնակցել է Հայկական աստղագիտական ընկերության տարեկան համաժողովին։

Պրոֆեսոր Բրայան Շմիդտը հանդիսանում է վաստակավոր պրոֆեսոր, Ավստրալիական հետազոտական խորհրդի դափնեկիր է: Աշխատում է Ավստրալիայի ազգային համալսարանի Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարանում և Աստղագիտության ու աստղաֆիզիկայի հետազոտական դպրոցում: 2012թ. ընտրվել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընկերության անդամ: Նա հայտնի է իր հետազոտություններով, որտեղ Գերնորերը օգտագործվել են որպես տիեզերաբանական փորձանմուշ և արդյունքում ճշտվել է Տիեզերքի ընդարձակման օրինաչափությունը ժամանակակից փուլում: Այդ աշխատանքներից պարզվեց, որ Տիեզերքն ընդարձակվում է արագացումով, որի պատճառը կարող է լինել մութ էներգիան: Սոլ Պերլմուտերի և Ադամ Ռիսի հետ միասին Շմիդտն արժանացել է 2006թ. Շոուի աստղագիտության մրցանակի, իսկ 2011թ.` ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի:

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ նախագահի կողմից։ Այն տրվում է սկսած 2010թ. երկու տարին մեկ անգամ, աստղագիտության և աստղաֆիզիկայի, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի հարակից բնագավառներում խոշոր ներդրում ունեցած գիտնականներին։ Մրցանակային ֆոնդը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար, որի հետ հաղթողներին հանձնվում է հավաստագիր և մեդալ։ Առաջադրված աշխատանքները միջազգային անկախ փորձաքննություն են անցնում, իսկ առաջադրված գիտնականներից հաղթողների ընտրությունը կատարում է միջազգա յին հանձնաժողովը։ Առաջին մրցանակը հանձնվել է 2010 թ.:

2010-2014 թթ. Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին են առաջադրվել գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իռլանդիայից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Հայաստանից, Հնդկաստանից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Ֆրանսիայից, այդ թվում նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Թեև Հայաստանի գիտնականներին դեռևս չի հաջողվել արժանանալ այս մրցանակին, սակայն ուրախալի է, որ մրցանակակիրների թվում են երկու հայազգի գիտնականներ։ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակին են արժանացել.

2010 – Միշել Մայորը (Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) և Նունու Սանտուշը (Պորտուգալիա) 2012 – Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան) 2014 – Ֆելիքս Ահարոնյանը (Իռլանդիա և Գերմանիա) և համատեղ՝ Իգոր Կարաչենցևը (Ռուսաստան) և Բրենթ Թալին (ԱՄՆ):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---