Ռոուհանի. ՀՀ և Իրանի փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա

Ռոուհանի. ՀՀ և Իրանի փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ գոյություն չունի, և տնտեսական, մշակութային ու քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնումը երկուստեք շահավետ է, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Մայիսի 12-ին Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իր հավատարմագրերն է հանձնել նրան, հայտնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Թումանյանը հավաստիացրել է, որ ջանքեր չի խնայի երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ, և ընդգծել է միջպետական նախագծերի կարևորությունը:

Ռոուհանին կարևորել է համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելել, որ Հայաստանը և Իրանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս գործակցում են նաև միջազգային ասպարեզում: Նա բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի դերը և հավելել, որ երկու ժողովուրդների առավել սերտ փոխճանաչման համար անհրաժեշտ է ակտիվացնել շփումները` օգտվելով զբոսաշրջային կարողություններից, ինչպես նաև ակտիվացնել գիտական և համալսարանական փոխադարձ կապերը:

1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:

1992թ. ապրիլին Երևանում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: Նույն տարվա դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: Իրանի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվում էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալով, 2014թ. Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 293 միլիոն 620 հազար ԱՄՆ դոլար, որից 84 միլիոն 630 հազարը բաժին է ընկել Հայաստանից Իրան արտահանմանը, իսկ 208 միլիոն 990 հազարը՝ ներմուծմանը: Նշենք, որ 2013թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 289 միլիոն 23 հազար ԱՄՆ դոլար, որից 94 միլիոն 955 հազարը բաժին է ընկել արտահանմանը, իսկ 194 միլիոն 68 հազարը՝ ներմուծմանը:

Հայաստանը հիմնականում Իրան արտահանում է հետևյալ ապրանքատեսակաները՝ էլեկտրաէներգիա, մանր եղջերավոր կենդանիներ, թուղթ, մետաղի ջարդոն, մեխանիկական սարքավորումներ, բժշկության մեջ կիրառվող սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր և այլն:

Իրանից Հայաստան են ներկրվում հետևյալ ապրանքատեսակները՝ գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքեր, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն և այլն:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---