ԵԽ-ում Ադրբեջանին կոչ են անում ազատել բանտարկված իրավապաշտպաններին և լրագրողներին

ԵԽ-ում Ադրբեջանին կոչ են անում ազատել բանտարկված իրավապաշտպաններին և  լրագրողներին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին կոչ են անում հունիսի 12-ին Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերին ընդառաջ ազատ արձակել բանտարկված իրավապաշտպաններին, լրագրողներին, ընդդիմության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, որոնք շատերի կարծիքով քաղբանտարկյալ են:

Հռոմում կայացած Եվրոպական Օլիմպիական կոմիտեների գլխավոր ասամբլեայի ժամանակ որոշվել է, որ 2015 թվականից անցկացվելու են Եվրոպական Օլիմպիական խաղեր:

Առաջինն այդ խաղերն անցկացելու հնարավորությունը ստացել է Բաքուն, որպես հայտ ներկայացրած միակ քաղաքը: Բաքուն «նոր Օլիմպիական խաղերի» մայրաքաղաք է ընտրվել փակ քվեարկությամբ, որի արդյունքում ստացել է 38 կողմ, 8 դեմ և երկու ձեռնպահ ձայն: Ասամբլեային ներկա են եղել նաև Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը մայիսի հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է երաշխավորի իր քաղաքացիների բոլոր ազատությունները, որոնք ընկած են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Օլիմպիական խարտիայի հիմքում՝ փաստաթղթեր, որոնց Ադրբեջանը միացել է, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Նա ելույթ է ունեցել Բաքվի խաղերի թեմայով Եվրախորհրդարանում անցկացված միջոցառմանը, որին մասնակցել են բոլոր հիմնական կուսակցությունների խմբակցությունները:

Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանաձևը Եվրախորհրդարանում հավանաբար քվեարկության կդրվի հունիսին: Իսկ գալիք շաբաթների ընթացքում խմբակցությունների մի շարք անդամներ պլանավորում են նամակներ հղել Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով ազատ արձակել քաղաքական հայացքների համար բանտարկվածներին: Եվրախորհրդարանի պատգամավորները հույս ունեն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրանց ներում կշնորհի մայիսի 28-ին երկրում նշվող անկախության օրվա կապակցությամբ: Եվրոպական խաղերն էլ ավելի կենտրոնացրեցին ուշադրությունը Ադրբեջանում մամուլի և քաղաքացիական ազատությունների խնդիրների վրա:

Ակնկալվում է, որ հունիսի 12-ին Բաքվում մեկնարկող խաղերին եվրոպական 50 երկրից մոտավորապես 6 հազար մարզիկ է մասնակցելու:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հարավկովկասյան հարցերով ավագ փորձագետ Գիորգի Գոգիան ասել է, թե վերջին 15 տարվա ընթացքում Ադրբեջանում ում հետ աշխատել է՝ շատերը կա՛մ բանտարկված են, կա՛մ թաքնվում են, կա՛մ հեռացել են երկրից: Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները խիստ սահմանափակել են ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը: «Քաղաքացիական հասարակության համար իրականում գործունեության հնարավորություն չկա», - հայտարարել է Գոգիան:

Եվրախորհրդարանի միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Դիանա Յունուսը: Նրա ծնողները՝ հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը և պատմաբան Արիֆ Յունուսը 2014 թվականից բանտարկված են:

Յունուս ամուսինները Ադրբեջանի իրավապահների կողմից հետապնդվում են դեռևս այս տարվա ապրիլից, երբ Անկարայում ձերբակալվեց, ապա Ադրբեջանին արտահանձնվեց լրագրող Ռաուֆ Միրկադիրովը։ Ադրբեջանի Հատուկ ծառայությունները նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։ Յունուս ամուսինները նույնպես այդ գործով են անցնում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Լեյլա Յունուսը մեղադրվում է պետական դավաճանություն, խաբեբայություն, խուսափում հարկերի վճարումից, ապօրինի ձեռնարկատիրություն հոդվածներով, իսկ Արիֆ Յունուսը՝ խաբեբայություն և պետական դավաճանություն հոդվածներով։

Դիանա Յունուսը Եվրախորհրդարանում ասել է, որ իր մայրը տառապում է հեպատիտ C և դիաբետ հիվանդություններով, կալանավայրում 16 կիլոգրամով նիհարել է և դանդաղորեն կուրանում է, իսկ հոր ձերբակալությունից մինչև հիմա նրա մասին որևէ լուր չունի․ - «Օգոստոսի 5-ից ես ոչ մի լուր չունեմ հայրիկիցս, նա ասես կենդանի թաղված լինի»:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ արևմտյան երկրների դիրքորոշումը Դիանա Յունուսը բնորոշել է որպես լուռ դիվանագիտություն, որը շատ քիչ է Ադրբեջանում իրավիճակը բարելավելու համար: «Ես չեմ տեսնում որևէ բարելավում, ես կորցնում եմ ծնողներիս կենդանի տեսնելու հույսը», - Եվրախորհրդարանում ասել է Դիանա Յունուսը՝ ընդգծելով․ «Ես միայն նրանց ազատ արձակելու կոչ չեմ անում՝ սա նրանց կյանքը փրկելո՛ւ կոչ է, նրանք արտերկրում բուժվելու, բժշկական օգնություն ստանալու կարիք ունեն»:

Միջազգային մամուլն այս շրջանում ակտիվ լուսաբանում է Ադրբեջանում կարևոր մարզական միջոցառումից առաջ ներքաղաքական իրավիճակը: Մասնավորապես Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը գրել է, որ հետսովետական այդ երկրում 60-ականների վերջից ի վեր կառավարում է Ալիևների կլանը: Այդտեղ 2014 թվականին ձերբակալվել են հայտնի լրագրողներ ու իրավապաշտպաններ, որոնց թվում` Լեյլա ու Արիֆ Յունուսները, Խադիջա Իսմայիլովան:

Նշվում է նաև, որ վերջերս Amnesty International կազմակերպության կողմից հրապարակված տեսագրությունում ձերբակալված իրավապաշտպաններ Յունուսների դուստրը` Դինարա Յունուսը, հարց է ուղղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Պարոն նախագահ, Դուք կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչու է իմ մայրը ձերբակալվել այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկել Եվրոպական խաղերը»:

Իսկ ապրիլի կեսին ադրբեջանական մամուլը հրապարակումներ տարածեց, որ 2015-ի հունիսին կայանալիք Եվրոպական խաղերին ընդառաջ Բաքվում սկսել են հավաքել Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի լուսանկարներով պաստառները. Հեյդար Ալիևի դիմանկարները հանել են քաղաքի տարբեր մասերից, այդ թվում` կենտրոնական հատվածներից` Նոբելի պողոտայից, Նիզամիի շրջանի մետրոյի կայարանի մոտից, որտեղ այդ պաստառները երկար տարիներ է, ինչ փակցված էին:

Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի ամեն մի անկյունում Հեյդար Ալիևի դիմանկարներ ու արձաններ դնելը հետամնացություն է, ինչն իշխանություններն անգամ լավ գիտակցում են: «Բաքու ոտք դնող յուրաքանչյուր արտասահմանցի միայն Հեյդար Ալիևի դիմապատկերների ու արձանների, նրա անվան թանգարանների, կենտրոնների ու զբոսայգիների թվաքանակից հասկանալու է, որ լավ գրիմավորված արևելյան բռնապետության հյուրն է: Նորմալ երկրում նման անձի պաշտամունք չի կարող լինել: Այդ միջոցառումը խոսում է այն մասին, որ իշխանությունները եվրոպացիների առաջ շպարվում են` իրենց հեղինակությունը փրկելու նպատակով»,- նշել է նա:

«Ազադլըգ» թերթն իր հերթին տարակուսել է` եթե իշխանություններն Ալիևների անձի պաշտամունքը արտասահմանցիների աչքից թաքցնելու համար կարող են նրանց պատկերները հանել փողոցներից, իրենց առանձնասենյակներից, կոստյումների վրայից, անգամ դասագրքերի ու աշակերտական տետրերի կազմերից, իսկ ինչպես են վերացնելու ամեն քայլափոխի դրված Հեյդար Ալիևի արձանները կամ թաքցնելու մայիսի 10-ին «առաջնորդի» ծննդյան օրվա հետ համատեղված «Ծաղկի տոնի» միջոցառումը, որի վրա հսկայական գումարներ են ծախսել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---