16 սեպտեմբերի 2006 - 15:09 AMT
Ֆրանսիայում Հայաստանի տարին չի սահմանափակվում միայն մշակութային միջոցառումներով
Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում ծրագրված է անցկացնել 500 միջոցառում ֆրանսիական 125 քաղաքներում, Հայաստանի Հանրային Հեռուտաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, այդ օրերին իրենց դռները կբացեն Ֆրանսիայի ամենամեծ թանգարանները, թատրոնները, համերգային դահլիճները: Մասնավորապես, Լուվրը «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի համար կտրամադրի իր ամենամեծ դահլիճներից մեկը` «Մելպոմենան», որտեղ 2007 թվականի փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում կցուցադրվեն 30 խաչքարեր, ինչպես նաեւ նմուշներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանից եւ Հայաստանի Պատմության թանգարանից:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ տեղակցրեց, որ Ֆրանսիայի Ազգային գրադարանում առաջին անգամ կցուցադրվի հայ ձեռագրերի թագավորական հավաքածուն: Ֆրանսիայում Հայաստանի տարին չի սահմանափակվում միայն մշակութային միջոցառումներով: «Նոյեմբերին Փարիզի ԱԱՊ-ի հետ համատեղ կազմակերպված կոնֆերանս տեղի կունենա, որին կմասնակցեն Հայաստանի եւ Ֆրանսիայի գործարար հասարակության եւ տնտեսական բլոկի նախարարները: 2007 թվականի փետրվարին Հայաստանն առաջին անգամ կմասնակցի աշխարհում ամենամեծ Փարիզի գյուղատենտեսական ցուցահանդեսին, որի շրջանակներում ծրագրվում է «Կրեդի Ագրիկոլ» բանկի հետ համատեղ կազմակերպել կոնֆերանս գյուղատնտեսական բնագավառում երկու երկրների համագործակցությունը քննարկելու համար: Բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված եւս մեկ կոնֆերանս կկայանա 2007 թվականի մարտին Փարիզում»,- հայտնել է հայ դիվանագետը: