«Նաիրիտի» աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց նստացույց են սկսել

«Նաիրիտի» աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց նստացույց են սկսել

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մայիսի 14-ին ժամը 11-ից Կառավարության շենքի դիմաց նստացույց են սկսել: Գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասել է, որ նստացույցը շարունակվելու է երկու օր:

«Պահանջում ենք նաիրիտցիների աշխատավարձի պարտքի մարում, ինչպես նաև «Նաիրիտ» գործարանի վերագործարկում»,- ասել է Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ եթե նախարարը կամ վարչապետը հարկ համարեն իրենց հետ հանդիպել, իրենք դեմ չեն լինի, մեջբերում է Tert.am-ը:

Մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, թե ստեղծվել է բավական լուրջ ու ծանր ֆինանսական վիճակ. վերջին չորս տարում «Նաիրիտը» չի աշխատել, կուտակվել են հսկայական պարտքեր, այդ թվում` 5,5 մլրդ դրամ՝ չաշխատած տարիների համար, և ընկերության խորհրդի նախաձեռնությամբ` կրճատվեց մոտ 1900 աշխատող, որպեսզի լրացուցիչ ֆինանսական բեռ չծանրանա ընկերության վրա` նաև հաշվի առնելով, որ վերջին տարիներին 2300 աշխատողից աշխատում էին ընդամենը 400-500-ը:

Նա նշել է, որ կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին, որ վերլուծի, ուսումնասիրի «Նաիրիտ»-ի տեխնիկական ու ֆինանսական վիճակը՝ հետագա վերագործարկման հետ կապված:

«Մենք ստացել ենք ուսումնասիրությունների նախնական պատասխանը: Կարող եմ արդեն ասել Համաշխարհային բանկի եզրակացությունը «Նաիրիտ»-ի հետագա վերագործարկման մասով` գտնում են ոչ նպատակահարմար: Դա բոլորովին չի նշանակում, որ այդ հարցով չենք զբաղվելու, «Նաիրիտ»-ի ճակատագրի վերջնական որոշողը կառավարությունն է, և կներկայացվեն առաջարկություններ` շատ բաց ձևով, թե' կոլեկտիվին, թե' հասարակությանը: Բոլոր տարիներին «Նաիրիտը» եղել է Հայաստանի համար առաջին կարևոր ձեռնարկությունը, այնպես որ` ամեն որոշում ներկայացվելու է հրապարակային ձևով, որևէ փակ հարցի լուծում չի լինելու»,- ասել է Երվանդ Զախարյանը:

Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: 2015թ. փետրվարի 6-ին, համաձայն 2014թ. դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձերը:

«Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրությունն է սկսել գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր: Այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---