Եվգենի Կիսինը Նյու Յորքում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կտա

Եվգենի Կիսինը Նյու Յորքում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կտա

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 26-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կտա Նյու Յորքի հեղինակավոր «Քարնեգի հոլ» համերգասրահում:

Տաղանդավոր դաշնակահարի կարծիքով՝ երաժշտությունը, որը հեռու է աշխարհաքաղաքական մանյովրներից, կարող է Արևմուտքի հասարակությանը պատմել 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին ամբողջ ճշմարտությունն ու օգնել, որ աշխարհը ձգտի ավելի ներդաշնակ դառնալուն, հաղորդում է Asbarez.com-ը:

«100 տարի առաջ Թուրքիայում միայն հայ լինելու համար սպանվեց 1,5 մլն մարդ։ Տարիներ անց այս ոճրագործության չճանաչումն ուղի հարթեց Ադոլֆ Հիտլերի համար, որը մահապատժի ենթարկեց 6 մլն հրեայի:

Ցեղասպանությունները չպետք է մոռացվեն: Ես մասնակցում եմ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգին ոչ միայն 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու, այլև՝ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելու հայերի հետ պատահած սոսկալի դժբախտության մասին»,-ասել է Կիսինը:

Համերգային ծրագրի շրջանակում դաշնակահարը կկատարի Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները, ինչպես նաև՝ Կոմիտասի «Կռունկը»:

Երաժշտական գրեթե բոլոր մրցանակներին և պարգևներին արժանացած ռուս դաշնակահար Եվգենի Կիսինը 2 տարի առաջ պատմել էր` Թուրքիայից հրավերներ չի ընդունում, քանի որ այդ երկիրը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: 100-րդ տարելիցի կապակցությամբ նա ապրիլի 2-ին Երևանում մենահամերգ տվեց ու իր հոնորարի կեսը փոխանցեց Բյուրականում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նորաբաց ակադեմիային՝ ռոյալ գնելու համար:

«Հայաստանում ինձ հարցրին, թե պատրաստ եմ արդյոք միջազգային հանրությանը կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իմ պատասխանն է՝ այո, իհարկե պատրաստ եմ: Կփորձեմ ավելի մանրամասն տեղեկանալ, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկեմ այդ ուղղությամբ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---