Փաստաբաններ. Հավանաբար, Ավետիսյանները փորձել են դիմադրել

Փաստաբաններ. Հավանաբար, Ավետիսյանները փորձել են դիմադրել

PanARMENIAN.Net - Հունվարին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչների տրամադրության տակ եղած տվյալները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ տանը մեկ մարդ է կրակել և մեծ է հավանականությունը, որ կրակողը Վալերի Պերմյակովն է եղել: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել են Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները:

Ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի, սենյակների դասավորությունը և տան փոքր մակերեսը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կրակոցները կատարվել են նույն զենքից, վկայում են, որ մեծ է հավանականությունը, որ կրակողը մեկն է եղել: «Այս փուլում, մենք իրավունք չունենք որևէ բան միանշանակ պնդելու, սակայն, հաշվի առնելով կրակոցների ուղղությունը և այն, որ դրանք կատարվել են նույն զենքից, կարելի է ենթադրել, որ կրակել է մեկը: Դա բնականաբար չի բացառում, որ տեսականորեն նրա հետ ևս ինչ-որ մեկը կարող է եղած լինել, սակայն, հաշվի առնելով տան փոքր չափերը, կրակոցներից այդ մարդը կարող էր վնասվածքներ ստանալ»,-հայտարարել է նա` նշելով, որ այն ամենն, ինչ ասվում է, ենթադրություն է` հիմնված այն տվյալների վրա, որոնք ունեն իրավահաջորդների ներկայացուցիչները:

Փաստաբան Միհրան Պողոսյանն իր հերթին նշել է, որ ըստ գետենտիկ փորձաքննության տվյալների հյուրասենյակում հայտնաբերված ծխախոտի մնացորդի, զինվորական համազգեստի, ինչպես նաև ինքնաձիգի սվին-դանակի, փամփուշտի վրա հայտնաբերվել է Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն: Ստացված տվյալները, նշել է նա, թույլ են տալիս ենթադրել, որ մեծ է հավանականությունը, որ նա է կատարել հանցագործությունը: «Սվին-դանակի վրա հայտնաբերվել են Արաքսյա Պողոսյանի և Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ները, իսկ դանակի բռնակին Պերմյակովի ԴՆԹ-ն, ինչը թույլ է տալիս դատել այն մասին, որ հարվածներ հասնցնելու պահին դանակը եղել է Պերմյակովի ձեռքում»,-ասել է նա:

Լուսինե Սահակյանը հավելել է, որ տան բակում հայտնաբերված թաշկինակի վրա եղել են Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ հետքերը: Գենետիկ այլ անձանց հետքեր Ավետիսյանների տանը չեն հայտնաբերվել, հայտնում է Armenia Today-ը: Փաստաբան Երեմ Սարգսյանը հավելել է, որ ամբողջական պատկերը, թե ինչ է կատարվել Ավետիսյանների տանը հունվարի լույս 12-ի գիշերը, հնարավոր կլինի ստանալ միայն համալիր փորձաքննության արդյունքների հիման վրա:

Անդրադառնալով Վալերի Պերմյակովի թողած հետքերին` փաստաբանն ասել է, թե հյուրասենյակի գազի վառարանի վրա հայտնաբերվել է ծխախոտի մնացորդ, ինչը, ըստ փորձաքննության արդյունքների, Վալերի Պերմյակովինն է: Ինչպես նշել է փաստաբանը, ըստ բալիստիկ փորձաքննության, բոլոր կրակոցները կատարվել են հորիզոնական ուղղությամբ, այսինքն, այն վարկածը, որ հանցագործը քնած մարդկանց վրա է կրակել, չի հաստատվում: Նա ասել է, որ եզրակացությունն արվել է ըստ տան առարկաների վրա առկա վնասվածքների, ոչ թե ըստ դիերի դիրքի: Սարգսյանը նշել է, որ լրացուցիչ համալիր փորձաքննություն է նախատեսված, եզրակցությունը ստանալուց հետո հնարավոր կլինի դատել իրադարձությունների հաջորդականության մասին:

Փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայացմամբ, առաջին սենյակում գտնվող Աիդա Ավետիսյանը չի հասցրել տեղաշարժվել, իսկ ընտանիքի մնացած անդամները տեղաշարժվելու փորձեր արել են: Փաստաբանն այս հայտարարությունն արեց` հիմնվելով դատաբժշկական և դատակենսաբանական եզրակացությունների վրա, գրում է Panorama.am-ը:

«Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները նույն սենյակում են եղել: Դիրքերը նայելով հստակ երևում է, որ Հասմիկը արթնացած է եղել, նա կարողացել է նույնիկ կանգնել: Պապիկը՝ Սերյոժա Ավետիսյանը, պայքարել է: Նրա վրա, բացի հրազենային վնասվածքից, եղել են բութ գործիքներով վնասվածքներ, քերծվածքներ: Հրացանի փողի վրա հայտնաբերվել է նրա ԴՆԹ-ն: Նա փորձել է բռնել ինքնաձիգի կոթից, սակայն կրակողը խզակոթով հարվածել է նրան: Նրա մոտ շուրջ տասերկու վնասվածք է եղել: Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանների վրա վնասվածքները շատ են: Իսկ Աիդա Ավետիսյանը գլխի շրջանում է երկու վնասվածք ստացել»,- ներկայացրեց Սահակյանը: Նրա խոսքով, այդ ժամանակ Արմեն Ավետիսյանը արթուն է եղել ու փորձել է տեղաշարժվել, իսկ փոքրիկ Սերյոժան եղել է մոր` Արաքս Պողոսյանի գրկում, և նա փորձել է պաշտպանել երեխային մարմնով:

«Արաքս Պողոսյանի ձեռքերի վրա եղել են վնասվածքներ՝ սվին- դանակի երկու կողմում արյան շիթեր են եղել: Արաքսյայի մոտ հինգից-վեց վնասվածք է եղել»,-հավելեց փաստաբանը:

Փաստաբանը նշել է նաև, որ որևէ ապացույց չկա, թե ընտանիքի անդամներից մեկը ծանոթ է եղել Պերմյակովի հետ: Լուսինե Սահակյանը նշել է, որ համալիր և օբյեկտիվ հետաքննության համար անհրաժեշտ է միավորել հայկական և ռուսական կողմերի հարուցած վարույթները: Նա նշել է, որ ապացույցների մեծ մասը հայկական կողմի մոտ է, սակայն ոչ պակաս կարևոր են ռուսական կողմի մոտ պահվող իրեղեն ապացույցները: Մասնավորապես, Պերմյակովի հագուստը, որով նա եղել է բռնվելու պահին` պետք է պարզել, արդյոք այն վերցված է Պերմյակովների տնից: «Վարույթների միավորումն անհրաժեշտ է», քանի որ ռուսական կողմի մոտ է նաև սպանության պահին վերաբերվող Պերմյակի վիճակի մասին փորձաքննությունների արդյունքները:

Փաստաբանը չի բացառում ՄԻԵԴ դիմելու հավանականությունը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---