18 սեպտեմբերի 2006 - 13:38 AMT
Հայոց ցեղասպանություն. Համաշխարհային հայկական կոնգրեսը մտադիր է դիմել Հաագայի դատարան
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով Համաշխարհային հայկական կոնգրեսի Հաագայի միջազգային դատարան դիմելու մտադրության վերաբերյալ: Ինչպես Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հաղորդել է ՀՀԿ եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, 15 միջազգային իրավաբանների եզրակացությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եզրակացությունը 2006 թվականի մայիսի սկզբին ներկայացվել է Հայաստանի արտգործնախարարությանը: «Մենք տեղեկացրեցինք ԱԳՆ ղեկավարին հետազոտական աշխատանքների հիման վրա միջազգային դատարան դիմելու մտադրության մասին»,-հայտարարել է Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության խնդրի ուսումնասիրման պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է երեք իրավական օրենսգիրք: Այդ աշխատանքները տեւել են 2,5 տարի, դրանց մասնակցել են 25 փորձագետներ աշխարհի 20 երկրներից, 15 միջազգային իրավաբաններ: Օգտագործվել են նաեւ արխիվային փաստաթղթեր աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Ռուսաստանից:

Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ 2002 թվականին Մոսկվայում ստեղծվեց Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության ինստիտուտ: Ինստիտուտի նախաձեռնությամբ 2004 թվականի մայիսին Երեւանում տեղի ունեցավ գիտագործնական գիտաժողով «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում» թեմայով: Նրա աշխատանքներին մասնակցել են հայտնի մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Գերմանիայից, Ավստրիայից: Գիտաժողովի արդյունքում ձեւավորվել է ՀՀԿ-ի փորձագիտական հանձնաժողով, որը զբաղվում է Հայոց ցեղասպանության հարցերով: Նրա կազմում են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա մասնագետներ. Իսրայելից` Իսրայել Չարնին, Գերմանիայից` Վոլֆգանգ Գուստը եւ Թեսսա Հոֆմանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: