Jansatta. Հայերը կարևորում են Ցեղասպանությունը, բայց ավելի՝ 1991-ի սեպտեմբերի 21-ը

Jansatta. Հայերը կարևորում են Ցեղասպանությունը, բայց ավելի՝ 1991-ի սեպտեմբերի 21-ը

PanARMENIAN.Net - Հնդկական առաջատար Jansatta թերթը ներկայացնում է Սուման Քեշարիի հոդվածը, որում հեղինակը պատմում է՝ ինչպես է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը, և հետագայում այն ինչ ազդեցություն է ունեցել հայ ականավոր գրողների, բանաստեղծների և կոմպոզիտորների գործունեության վրա:

Ո՞վ է այսօր խոսում հայերի մահաբեր տեղահանումների մասին. ենթադրվում է, որ Հիտլերն այսպես էր մեկնաբանել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, որը սկսել է 19-րդ դար վերջից և շարունակվել 20-րդ դարի առաջին երկու տասնամյակում: Պատմությունը վկայում է, որ այն կարող էր ոգեշնչել Հիտլերին, հնդկական առաջատար Jansatta թերթում գրել է Սուման Քեշարին՝ պատմելով, թե ինչպես է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը, և հետագայում այն ինչ ազդեցություն է ունեցել հայ ականավոր գրողների, բանաստեղծների և կոմպոզիտորների գործունեության վրա:

Հեգնական է, որ Հնդկաստանում, թեև ամբողջ աշխարհում ևս, այդքան քիչ է խոսվում այն մասին, ինչը բոլոր չափումներով համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանական գործողությունը, նկատում է հոդվածագիրը, գրում է ArmenianGenocide100.org-ը:

Նախքան 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 2 միլիոն հայ: 1915-ից 1923 թվականների ընթացքում նրանցից 1.5 միլիոնը մահվան է ենթարկվել, իսկ մնացած կես միլիոնը ստիպված էր բռնագաղթի ենթարկվել: Առ այսօր Թուրքիան հրաժարվում է ճանաչել այս ցեղասպանական գործողությունը: Առ այսօր աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանն ու ԱՄՆ-ն, լռում են այս հարցի շուրջ, ընդամենը մոտ 20 երկիր է ճանաչել այս ցեղասպանությունը, գրում է Քեշարին ու հավելում, որ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ հայերի ճակատագիրը «Տեղահանության օրենքի» և պատերազմական ժամանակաշրջանի արդյունք էր:

«Սակայն «Տեղահանության մասին» օրենքն ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին. այն դեպքում, որ Ներքին գործերի նախարար Մեհմեդ փաշա Բեյը՝ Թալեաթ փաշայի հրահանգով, հրամայել էր Պոլսի հարյուրավոր հայ մտավորականների, ղեկավարների, բժիշկների, իրավաբանների, ինժիներների և վաճառականների սպանությունը կամ բանտարկումը դրանից մեկ ամիս առաջ՝ ապրիլի 24-ին», - գրում է Քեշարին՝ հավելելով, որ իրենց մտավորականության և ղեկավարների մահապատժի օրն էլ հայերը հիշատակում են որպես Հայոց ցեղասպանության օրը: 1915-ից 1923 թվականները 8 տարվա ընթացքում հնագույն, զարգացող ու աշխատասեր համայնքը կորցրել էր 1.5 մլն մարդու՝ իր ողջ բնակչության 3/4-ը:

Հոդվածագիրն ընդգծում է, որ ներկայում հայկական սփյուռքում գրեթե չկա այնպիսի մի ընտանիք, որը չի կրում Ցեղասպանության ժամանակ կորցրած որևէ մեկի մասին հիշողություն: Ողջ համայնքը ցնցված է կորստով: Այս տարի լրանում է Ցեղասպանության մեկ դարը, սակայն հայերը դեռ պայքարում են իրենց հետ կատարվածի արդարության և ճանաչման համար:

«Հայերի բռնի տեղահանումը և բռնությունները երկար պատմություն ունեն: Սակայն եկեք սկսենք մեր պատմությունը 19-րդ դարի վերջին տասնամյակից: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը սկսեց մեծացնել իր պահանջները ինքնավարության համար պարտիզանական խմբավորումների հաստատումով: Դա այն ժամանակ էր, երբ ամենուր վերելք էր ապրում ազգայնական գաղափարախոսությունը: Դա նաև այն ժամանակահատվածն էր, երբ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի իշխանությունը վտանգավոր անկում էր ապրում», - գրել է Քեշարին:

1894-1986 թվականները սուլթանը մահապատժի էր ենթարկել հազարավոր հայերի ինքնավարության և այլ իրավունքների պահանջների մեղադրանքով: Ավելի ուշ, երբ սուլթանի բռնապետության դեմ շարժում սկսեց, կայսրությունը մեծամասամբ ցնցվեց, հայերը խանդավառորեն մասնակցում էին այդ ամենում՝ հավատալով, որ նրանք ժողովրդավար ուժեր էին, որոնք կպաշտպանեին էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ, ճիշտ հակառակն էր, որովհետև մոտենում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունը միացել էր նացիստական ճամբարին, այդ ժամանակ ձևավորվել էին ծայրահեղ ազգայնական ուժերը: Այդ մթնոլորտում երիտթուրքերի շարժումը սրում էր իր զենքը, և պատերազմի բռնկումը նրանց համար քաղաքական հնարավորություն էր, նկատել է հոդվածագիրը:

Նրա խոսքով, հայերն ապրում էին մի տարածաշրջանում, որը ռազմավարական նշանակություն ուներ, և ի դժբախտություն իրենց՝ այդ տարածաշրջանի արևելյան տարածքները Ռուսաստանի տիրապետության տակ էին, իսկ արևմտյանները՝ Օսմանյան կայսրության:

Հեղինակը նշել է նաև, որ հայերը քրիստոնեական Առաքելական եկեղեցու հետևորդներն են, նրանց ճյուղը ձևավորվել էր Քրիստոսի ծնունդից մեկ դար անց: 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ճանաչեց որպես պետական կրոն: Մյուս կողմից՝ Օսմանյան կայսրությունը (որը դարեր անց է հիմնադրվել) հիմնականում բնակեցված էր մահմեդականներով: Երբ Օսմանյան կայսրությունը միացավ Ռուսաստանի դեմ պատերազմին, երկրի ղեկավարն ակնկալում էր, որ իր արևելյան շրջանների բնակիչ հայերը բացահայտ դուրս կգան Ռուսաստանի դեմ: Երբ դա տեղի չունեցավ, երիտթուրքերն օգտվեցին հայերին ոչնչացնելու հնարավորությունից: 1913-1918 թվականներին երիտթուրքերի իշխանությունը ղեկավարում էին երեք փաշաները՝ Էնվերը, Թալեաթն ու Ջեմալը: Այս ծայրահեղ ազգայնականները չափազանց մոտ էին Գերմանիային: Մեծ պատերազմի ընթացքում Թուրքիան ու Գերմանիան նույն կողմում էին, մինչդեռ Ռուսաստանը հանդես էր գալիս վերջինների հակառակորդների՝ Դաշնակից տերությունների (Անտանտի) կողմում: Օսմանցիներն արդեն որոշել էին վերջնականապես «լուծել» Հայկական հարցը, որի առաջին փուլն իրականացավ 1915 թվականի ապրիլի 24-ին՝ հայ մտավորականների և գործարարների վրա հարձակումով:

«Հաջորդ փուլի ընթացքում հազարավոր հայ տղամարդկանց ձերբակալում էին՝ իբր բանակ զորակոչելու նպատակով: Նրանցում կային գյուղացիներ, ուսուցիչներ, խանութպաններ և հովիվներ: Եթե նրանք հասնում էին հավաքագրման կայաններ, այլևս հետդարձի ճանապարհ չէր լինում, նրանց թույլ չէին տալիս անգամ հրաժեշտ տալ իրենց սիրելիներին: Այնտեղ հավաքագրված տղամարդկանց, սակայն, չէին ներառում բանակում, անգամ այն դեպքում, երբ թուրքական բանակն ուներ նորակոչիկների կարիք: Նրանց ստիպում էին աշխատել: Իսկ եթե սովից կամ դաժան պայմաններից հիվանդանում էին, նրանց սպանում էին կամ թողնում մահանալ: Սա դեռ ամենը չէր. հազարավոր մարդկանց սպանել են զինված ավազակախմբերի հարձակումների ժամանակ»,- գրել է Քեշարին:

Նա նկատել է՝ 3-րդ փուլն ավելի ուշագրավ էր: Բոլոր ծերերին, կանանց և երեխաներին հրամայում էին քայլել դեպի սիրիական անապատ: Բացի նրանից, որ նրանք թուրք զինվորների թիրախում էին, նրանց վրա հարձակվում էին նաև քրդերը: Սովն ու հիվանդությունը սպանում էր հազարավորներին, և այն տները, որոնցում ապաստանում էին հայերը, այրվում էին: Հացահատիկի դաշտերն ամբողջությամբ ոչնչացվում էին: Բիթլիսի, Ակնի ու Խարբերդի շրջաններում սպանում էին հազարավոր երեխաների՝ նրանցից մեծ մասին այրելով կամ թունավորելով: Նրանցից ոմանց մաս-մաս էին անում ու նետում Եփրատը. շատ են պատմությունները՝ ինչպես էր գետի ջուրն ամբողջությամբ կարմրում: Շատ են պատմությունները նաև բռնի կրոնափոխությունների մասին: Հայերն այս վայրագությունների միակ զոհերը չէին. տուժում էին նաև ասորիներն ու այլ ազգային փոքրամասնությունները:

«Այս ջարդերի որոշ մանկահասակ փրկվածներին դաշնակից տերություններն ուղարկում էին այն երկրներ, որտեղ հայ փախստականներ կային: Նրանցից ոմանք նույնիսկ Հնդկաստան էին եկել. Կալկաթայում կա հայկական թաղամաս՝ իր առաքելական եկեղեցով: Ասում են՝ Հնդկաստանի առաջին հայերը Ալեքսանդրի (Ալեքսանդր Մեծի) բանակի զինվորներն էին: Իսկ Հայաստանի հետ առևտրային կապերը հազարամյակների պատմություն ունեն: Առաջին հայկական բնակավայրերը հայտնվել էին Մալաբարում, Քերալայում, իսկ Աքբարի իշխանության օրոք հայ առևտրականներն առավել ակտիվ էին Ագրայում, Կալկաթայում, Մադրասում, Գվալիորում, Սուրաթում, Լահորում և Դաքայում: Ասում են նաև, որ Աքբարի կանանցից մեկն ու հարեմի բժիշկներից մեկը հայ էին: Աքբարը թույլ էր տվել նրանց ապրել և աշխատել Հնդկաստանում: Հայերը Մադրասում 18-րդ դարում տպագրական մամուլ են հիմնել, ինչպես նաև սպառազինությունների գործարան՝ Լահորում: Նրանք այնքան հայտնի էին Կալկաթայում, որ առաջին հայկական դպրոցն այստեղ բացվել էր արդեն 1821 թվականին: Առ այսօր այնտեղ գործում է հայկական եկեղեցին, թեև հայ բնակչության քանակը հետզհետե նվազում է»,- գրել է Քեշարին:

Ցեղասպանության հիշողությունն այնքան խորն է ներթափանցվել իրենց հավաքական հիշողության մեջ, որ այդ թեման դարձել էր շատ հայ գրողների և նկարիչների ստեղծագործության հիմք, նկատել է հոդվածագիրն ու հավելել՝ ժամանակակից Հայաստանը շատ մոտ է Արարատ լեռանը, որի գագաթը հայտնի էր դարձել բիբլիական Նոյյան տապանով: Աստծո հրամանով Նոյի պատրաստած տապանը պետք է փրկեր երկրագնդի բոլոր կենդանիներին համաշխարհային ջրհեղեղից. ասում են՝ Նոյն այն Արարատ լեռան գագաթին էր կայանել: Թեև լեռն այժմ Թուրքիայի տարածքում է, այն շարունակում է մնալ հայկական մշակույթի կարևոր տարրերից մեկը: Հայերն իրենց երկիրը կոչում են Հայք՝ իրենց առասպելական առաջնորդի պատվին, որը Նոյի հետնորդներից էր:

«Հայկական մշակույթի ծագումն ընկած է պղնձի դարում՝ մ.թ. 4000 տարի առաջ: 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը ստեղծել էր հայկական այբուբենը: Այդ ժամանակաշրջանը համարվում է հայոց պատմության փառահեղ շրջաններից մեկը: Մաշտոցին պատվում են առ այսօր. Երևանում պողոտաներից մեկը նրա անունով է: Այս տարվա հունվարին Երևան կատարածս այցի ընթացքում ես ցնցվել էի. Հայաստանում փողոցների ու պողոտաների անունները կոչվում են գրողների և արվեստագետների անուններով», - գրել է Քեշարին՝ ավելացնելով՝ Երևանում՝ Մատենադարանում, կա հնագույն ձեռագրերի մի ամբողջ բազա: Թանգարաններն ու պատմության, մշակույթի և արվեստի պահոցները պահպանում են իրենց վստահված պատմական ժառանգությունը: Այսօր Հայաստանում հնարավոր է հեռախոսով լսել բանաստեղծ և երաժշտական հանճար Կոմիտասի երգերը, այն մարդու, որը խելագարվել էր իր ժողովրդի Ցեղասպանությունից:

Դանիել Վարուժանի հայտնի բանաստեղծությունների «Հացին երգը» ժողովածուում տոնվում էր հայկական գյուղի կյանքն ու ավանդական դիցաբանությունը, որը առգրավվել էր 1915-ին, սակայն հրաշքով փրկվել էր Ցեղասպանությունից: 1915 թվականի ապրիլի 24-ին Դանիել Վարուժանն այն հայ մտավորականների թվում էր, որոնք դաժանորեն սպանվել էին թուրք իշխանությունների ձեռքով: Նա ընդամենը 31 տարեկան էր: Ցեղասպանության նկարագրությունները շատ են հայկական արվեստի գործերում: Մայրերին և քույրերին տանջում էին երեխաների աչքի առջև, որոնց հրամայված էր ծափահարել, հակառակ դեպքում՝ պիտի սպանվեին իրենց մայրերի աչքի առջև:

Հոդվածագիրը գրել է նաև Ադամ Ստեփան Ղարիբյանի մասին, որը տեղահանվել էր իր ծնդավայրից 1915 թվականին, և նրան բախտ էր վիճակվել կենդանի մնալ: Նա ապաստան է գտել Բոմբեյում: Նրա որդին՝ Քեյթը, որն այժմ ապրում է Կանադայում, գրում է. «Հայերի խմբերը երեք օր քայլում էին առանց սննդի կամ ջրի: Սովից, դաժանություններից և սպառնալիքներից ցնցված՝ տատիկս համաձայնվել էր տալ իր դստերը՝ Արշեին, անզավակ մի զույգի: Հորս հիշելով՝ իր միջնեկ քրոջը թողել էին ծառի տակ լալիս՝ այն համոզմամբ, որ մայրը շուտը կգա նրա հետևից»:

«Յուրաքանչյուր հայկական ընտանիքում կա նման մի պատմություն: Այս տարի ես հունվարի կեսն անցկացրել եմ Հայաստանում, որտեղ շատ մարդկանց եմ հանդիպել: Մարդիկ պատմում էին իրենց կորցրած հարազատներից, իրենց նյութական մշակույթից, իհարկե, Ցեղասպանությունից, որին մի ամբողջ թանգարան է նվիրված: Սակայն Հայաստանում կարևորում են նաև 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, երբ Հայաստանն անկախացավ լուծարված Խորհրդային Միությունից՝ նոր Հայաստան ստեղծելու վճռականությամբ: Գալիք ճանապարհը խրթին էր, սակայն այն ներկայացնում է հայերի վերամիավորումը ապրել շարունակելու համար»,- եզրափակել է հոդվածագիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---