Արամ Ա. Որոշ անհատներ Սիրիայի հայության վերաբերյալ երբեմն անիմաստ առաջարկներ են ներկայացնում

Արամ Ա. Որոշ անհատներ Սիրիայի հայության վերաբերյալ երբեմն անիմաստ առաջարկներ են ներկայացնում

PanARMENIAN.Net - Հալեպում քրիստոնեական՝ ներառյալ հայկական շրջանները իրար մոտ լինելով հաճախ են ռմբակոծությունների ենթարկվում: Այս իրավիճակում ի՞նչ պետք է անել: Այս հարցին որևէ պատասխան տալը շատ դժվար է: Այդ մասին մայիսի 13-ին երեկոյան Նյու Ջերսիում հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, հայտնում է Panorama.am-ը: :

Նրա խոսքով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը ու ինքն անձամբ հետևում է Հալեպում ստեղծված վիճակին, կապի մեջ է Առաջնորդարանի սրբազանի ու համայնքային պատասխանատուների հետ, ովքեր իրեն են փոխանցում հստակ տեղեկություններ:

«Մարդասիրական օժանդակությունները շարունակվում են: Այս կապակցությամբ ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակում են սիրիահայությանը և կոչ ենք անում շարունակել օժանդակել:

Բայց հետևյալ երևույթին կցանկանայի անդրադառնալ. գիտեք, որ որոշ անհատներ Հայաստանի ու Սփյուռքի մյուս գաղութներում Սիրիայի հայության վերաբերյալ երբեմն անհիմն տեղեկություններ են հրապարակում, անիմաստ առաջարկներ ներկայացնում, որոնք պղտոր մթնոլորտ են ստեղծում ու փաստորեն միայն վնաս են պատճառում Սիրիայի հայությանը»,-ասել է կաթողիկոսը:

Հատկապես վերջին օրերին համացանցում ակտիվ շրջանառվում են հալեպահայերին Սիրիայից դուրս բերելու կոչեր։ Վերջին շաբաթների ամենօրյա հրթիռակոծությունները, տասնյակ զոհերն ու վիրավորները, այդ թվում հայերի շրջանում, ստիպում են Սիրիայում և այդ երկրի սահմաններից դուրս գտնվող հայերին մտածել համայնքի տարհանման անհրաժեշտության մասին։

«Ճիշտ չէ, առանց տեղյակ լինելու Հալեպի ներքին կացության և դրան վերաբերող քաղաքական իրավիճակին, հանգիստ պայմաններում ապրող անհատները անտրամաբանական տեսակետներ հայտնեն ու առաջարկներ ներկայացնեն համացանցի միջոցով: Սիրիահայության անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Ներկա տագնապալից կացության մեջ մենք իրապաշտ մոտեցմամբ պետք է շարունակենք փորձել կարելին անել: Բնականաբար, ճիշտ չէ այդ մասին հրապարակային հայտարարություններ անել»,- իր ելույթում ասել է Նորին Սրբությունը, ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Սիրիայում գործող ոչ կառավարական կազմակերպությունները հաղորդում են, որ վերջին օրերին իրավիճակն էլ ավելի է սրվել, բազմաթիվ սիրիահայեր դիմել են «Հալեպ» բարեգործական կազմակերպությանը՝ խնդրելով ավիատոմս գնել Հայաստան հասնելու համար։

Օրերս սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց. «Արդեն, ցավոք սրտի, շատ բան է կորսված, սրանք վերջին հուսահատական ճիչերն են։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ այնտեղ հանգստություն, խաղաղություն լիներ, համայնքը վերագտներ իրեն, բայց ցավով եմ ասում՝ այսօր ավելի բացասական է իմ կարծիքը համայնքի լիաթոք գործունեության առումով։ Կարծում եմ՝ երբ խնդիրը կյանքի և մնացած հարցերի միջև է, իհարկե, կյանքը պետք է փրկել, կյանքից ավելի թանկ բան չկա»

Հալեպահայերի հարցն անցած շաբաթ բարձրացրեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է տարհանել Սիրիայում մնացած հայ երեխաներին։

Հայաստանում սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ, Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, մեկնաբանելով տարհանման մասին կոչերը, ասել է, որ նման որոշում պետք է կայացվի Հալեպում՝ ազգային կառույցների կողմից, ինչին Հայաստանի կառավարությունը կարձագանքի։

Հայ համայնքի ներկայացուցիչ Ռեիսյանի խոսքով, մինչդեռ, ովքեր ուզում են և հնարավորություն ունեն, կարող են հեռանալ Հալեպից՝ իրենց որոշելիքն է։ Իսկ նրանք, ովքեր կմնան, կշարունակեն նյութական աջակցություն ստանալ։ «Համայնքը կփորձի օգնել նրանց, ովքեր թեկուզ դժվարություններով կյանքը կշարունակեն Սիրիայում», - ընդգծել է Ռեիսյանը։

Անցած 4 տարիների հակամարտությունը Հալեպում գրեթե հողին է հավասարեցրել նաև քրիստոնեական թաղամասերը։ Ավերակների մեջ, առանց սննդի, ջրի ու էլեկտրականության կյանքը շարունակող հայերից շատերը չեն ուզում ապրել մահվան ամենօրյա վտանգի տակ, բայց գումար չունեն հեռանալու։ Համայնքի ուժերով ձևավորված Սիրիահայերի օգնության միությունը այսօր էլ շարունակում է սննդով, հագուստով ու անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել նրանց։

Սիրիահայերին տարհանելու խնդրանքին Հայաստանի կառավարությունն նաև արձագանքել էր, թե կաջակցի դուրս բերել երեխաներին ու դպրոցականներին։ Համացանցում շատերը ողջունելով այս նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ շեշտում են, որ առանց ծնողների երեխաներին դուրս բերելը ճիշտ չէ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---