15 մայիսի 2015 - 11:53 AMT
Ղազախստանի ապրանքաշրջանառությունը ԵՏՄ երկրների հետ առաջին եռամսյակում նվազել է 21%-ով

Ղազախստանի և ԵՏՄ երկրների (ՌԴ, Բելառուս, Հայաստան) ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 21%-ով` հասնելով 3,43 մլրդ դոլարի, հայտնել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության կոմիտեն:

Արտահանումը ԵՏՄ երկրներ նվազել է 31%-ով և գնահատվում է 901,6 մլն դոլար, ներմուծումը նվազել է 16,5%` մինչև 2,53 մլրդ դոլար:

Ղազախստանը հանքանյութ է արտահանում ԵՏՄ երկրներ (ԵՏՄ երկրներ արտահանման ընդհանուր ծավալի 49,4%), քիմարդյունաբերության արտադրանքը (20%), մետաղներ (18,9%), կենդանական և բուսական ծագման ապրանքներ, պատրասի պարենային ապրանքներ (3,9%):

ԵՏՄ երկրներից Ղազախստանը ներմուծում է ավտոմոբիլներ և սարքավորումներ (ներմուծման ընդհանուր ծավալի 32%), հանքային ապրանքներ (17,7%), մետաղներ (13,4%), քիմարդյունաբերության արտադրանք (12,7%), կենդանական և բուսական ծագման ապրանքներ, պատրասի պարենային ապրանքներ (12,5%), հայտնում է Գազետա.ռու-ն:

2015-ի հունվար-մարտին արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում կազմել է 605 մլն դոլար` 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 2 տոկոսով: Այս ցուցանիշով Հայաստանն առաջատար է ԵՏՄ երկրների թվում: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ըստ ԵՏՀ տվյալների, ընդհանուր առմամբ ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերության ծավալները նվազել են 0,7 տոկոսով` կազմելով 212 մլրդ դոլար:

Վիճակագրական տվյալներով, Ղազախստանում ևս աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները` 0,6 տոկոսով` կազմելով 18,3 մլրդ դոլար: Բելառուսում 2014-ի հունվար-մարտին գրանցվել է 7,3 տոկոս անկում` 11,6 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանում արդյունաբերության ծավալը նվազել է 0,7 տոկոսով` կազմելով 181,5 մլրդ դոլար: Ղրղզստանում, որը ԵՏՄ-ին անդամակցելու փուլում է գտնվում, արդյունաբերության ծավալների աճը կազմել է 20.9 տոկոս` կազմելով 825,1 մլն դոլար: