15 մայիսի 2015 - 12:43 AMT
Ստամբուլի «Արմեն» որբանոցի խնդրով զբաղվում են Դավութօղլուն և ԱԶԿ-ից հայազգի թեկնածուն

Ստամբուլի Թուզլա շրջանի «Արմեն» որբանոց-ճամբարի քանդման աշխատանքները կանխելու համար հերթապահությունն ու բացասական արձագանքները շարունակվում են: Մինչ այդ՝ խնդիրը լուծելն արդեն Թուրքիայի կառավարության օրակարգում է հայտնվել, տեղեկացնում է թուրքական T24 կայքը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի հայ թեկնածու Մարգար Եսայանը հարցի լուծման մասին զրուցել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, գրում է Tert.am-ը: Մինչ այդ, հերթապահություն իրականացնող հայկական միությունների ներկայացուցիչները պահանջում են համայնքին վերադարձնել որբանոցի շենքը:

«Դավութօղլուն ասաց, որ անձամբ է միջամտելու հարցին: Քննարկմանը ներկա էին նաև քաղաքաշինության նախարար Իդրիս Գյուլունջեն, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, ԱԶԿ-ի Ստամբուլի վարչության նախագահ Սելիմ Թեմուրջին: Նրանք կապ են հաստատելու շինության տերերի հետ և հարցի լուծման բանաձև են գտնելու: Եթե հարկ լինի՝ գումար են վճարելու նրան, կամ հանրայնացման ճանապարհով են լուծելու հարցը»,- պատմել է Եսայանը և հավելել, -

«Դրա սեփականատերը քաղաքապետարանից քանդման թույլտվություն է ստացել՝ պատճառաբանելով, որ շենքը վթարային է: Այսինքն՝ խաբել է քաղաքապետարանին»:

Մարգար Եսայանը նշել է, որ այժմ փորձում են քանդման թույլտվությունը չեղարկող գրություն ստանալ:

Թուրքիայում գտնվող «Արմեն» հայկական որբանոցի քանդման աշխատանքները, որոնք մեկնարկել էին մայիսի 6-ին, մեկ ամսով դադարեցվել են, մայիսի 8-ին գրել է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցի տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել: Այն այժմ գրանցված է գործարար Մեհմեթ Ալի Այդընարի ազգականի՝ Էրհան Այդընարի անունով: Վերջինս էլ իր հերթին տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին:

Ուլուսոյը մեկ ամսով դադարեցրել է քանդման գործընթացը: «Մեկ ամսվա ընթացքում եթե լուծում չգտնվի՝ քանդելու ենք»,- ասել է նա: Այդընարն ասել է, որ շինությունն իր անունով է գրանցված, սակայն ինքը դրա հետ որևէ կապ չունի, քանի որ առքուվաճառքի պայմանագիր կա:

«Ես շատ հայ ընկերներ ունեմ, սակայն այս պահին հանցավորի նման եմ: Ես պետությունից չեմ առել, հիմնադրամից չեմ առել: Օրինական ճանապարհով՝ գումարը վճարել եմ ու գնել: Ես շատ եմ վշտանում: Թուզլայում կյանքումս երկու անգամ եմ եղել, և եթե այժմ այն իմը լիներ, այդքան հուշեր պարունակող շինությունը կնվիրաբերեի: Սակայն մենք այժմ վաճառված գույքի մասին ենք խոսում»,- ասել է նա: