19 սեպտեմբերի 2006 - 14:10 AMT
Ռուսական ռազմական տեխնիկայով վերջին էշելոնը դուրս է եկել Վրաստանից
Ծալկայի կայարանից երեքշաբթի դուրս է եկել Վրաստանի ռուսական ռազմակայանից դուրս հանվող ռազմական տեխնիկայով վերջին էշելոնը, հայտարարել է էշելոնի ճանապարհմանը ներկա գտնվող ԱՌԶԽ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը: Այդպիսով, ավարտվել է 2006 թվականին ծրագրված տեխնիկայի եւ նյութական միջոցների դուրս բերումը` ռուսական ռազմակայանի եւ Անդրկովկասի ռուսական զորքերի խմբի (ԱՌԶԽ) այլ ռազմական օբյեկտների դուրս բերման ժամկետների եւ հերթականության վերաբերյալ Ռուսաստանի եւ Վրաստանի Համաձայնագրին համապատասխան: «2006 թվականին մեր առջեւ դրված առաջադրանքը կատարված է»,- հայտարարել է Պոպովը:

«Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերումը, որ ծրագրված էր 2006 թվականով, կատարված է 100 տոկոսով: Ժամանակագրության եւ հերթականության տեսանկյունից որեւէ խախտում չի եղել: Ամբողջ տեխնիկան եւ նյութական միջոցների պաշարները դուրս են բերվել Վրաստանի տարածքից եւ արդեն գտնվում են Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքի զորամասերում: Սեպտեմբերի 25-ին վերջին տեխնիկան արդեն համակարգված կլինի ռուսական զորակայաններում»,- Պոպովը հայտարարել էր ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Պոպովի խոսքերով, սեպտեմբերի 19-ից հետո Ախալքալաքի 62-րդ ռազմակայանում կմնա միայն ավտոմոբիլային տեխնիկան, որը կապահովի ռազմակայանի կենսագործնեությունը մինչեւ 2007 թվականի վերջ` մինչեւ կայանի վերջնական փակումը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: