Ղրղզստանը կխնդրի ԵՏՄ երկրներին արագացնել կառույցին այդ երկրի անդամակցության պայմանագրի վավերացումը

Ղրղզստանը կխնդրի ԵՏՄ երկրներին արագացնել կառույցին այդ երկրի անդամակցության պայմանագրի վավերացումը

PanARMENIAN.Net - Ղրղզստանի խորհրդարանը նամակներ կուղղի ԵՏՄ անդամ պետությունների խորհրդարաններին` խնդրելով արագացնել ԵՏՄ-ին իրենց երկրի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումը: Այդ մասին մայիսի 20-ի նիստում հայտնել է խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը:

Պատգամավորները քննարկել են ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի վավերացման օրինագիծը: Ղրղզստանի վարչապետ Տեմիր Սարիևը նշել է, որ վավերացման գործընթացները Ղազախստանում և Ռուսաստանում արդեն սկսվել են` հավելելով, որ վարչապետների առաջիկա հանդիպմանը նա կդիմի վավերացման գործընթացն արագացնելու խնդրանքով:

«Վերջին հարցումների համաձայն բնակչության 80-90 տոկոսը հավանություն է տալիս ԵՏՄ-ին միանալու քաղաքականությանը: Նախագահը, խորհրդարանը, կառավարությունը միասնական էին այս որոշման հարցում: Մենք գիտենք, որ դա մի օրում չի արվել, 3 տարի մեծ աշխատանք է տարվել: Երբ ընդունվեց Ճանապարհային քարտեզը, ենթադրվում էր, որ աշխատանքները կավարտվեն մինչև 2015-ը, իսկ կանդամակցենք 2016-ին: Սակայն նախագահ Ատամբաևը դիմեց երկրների նախագահներին, որպեսզի պայմանագիրը կնքվի 2015-ի մայիսին: Հիմա խնդրում ենք, որ արագացվի վավերացումը, երբ դա արվի, մաքսային սահմանները Ղրղզստանի և Ղազախստանի միջև կբացվեն»,-ասել է Սարիևը:

Պատգամավորներն առաջարկել են վավերացման գործընթացն արագացնելու վերաբերյալ խնդրանքով նամակներ ուղարկել ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարաններին: Խոսնակը նշել է, որ նամակները կուղարկվեն մոտ ապագայում, հայտնում է Knews.kg-ն:

Մայիսի 8-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միության առաջին գագաթնաժողովում ԵՏՄ երկրները որոշում կայացրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին:

2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: Որոշ ժամանակ կողմերին չէր հաջողվում համաձայնության գալ որոշ հարցերում: Ինչպես ավելի վաղ լրագրողներին էր ասել ՌԴ նախագահ Յուրի Ուշակովը, Ղրղզստանը մարտին առաջարկեց որոշ փոփոխություններ կատարել արձանագրություններում, «որոնք տրամաբանական չեն թվում միության անդամներին»:

Ղրղզստանի կառավարությունը մայիսի 4-ին հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ պայմանագրի արձանագրությունների նախագծերին:

Ղրղզստանի նախագահ Ատամբաևը հաստատեց, որ ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթերը ստորագրվել են: «Մենք, անշուշտ, կստորագրենք փաստաթղթերը, հետադարձ ճանապարհ չկա»,-ասել է Ատամբաևը Խորհրդի նիստում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---