19 սեպտեմբերի 2006 - 17:28 AMT
Հայաստանն անցավ 15 տարի առանց լուրջ ցնցումների
Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանը կարողացավ զարգացման մեծ ճանապարհ անցնել, ճանապարհ` առանց լուրջ ցնցումների, եթե համեմատենք, ասենք, Վրաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Շուշիի ազատագրման գործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: «Սակայն, ի տարբերություն այլ երկրների, մենք ընկերներ չունենք: Ադրբեջանն ունի բարեկամ Թուրքիային, որը նրան հսկայակն օգնություն է ցուցաբերում: Մենք, ինչպես կայինք, այնպես էլ մնացել ենք միայնակ: Մեզ օգնում է միայն մեր Սփյուռքը: Հայ ժողովուդը ստեղծագործ է, նա միայն իր վրա է հույս դնում: Շնորհիվ իր աշխատասիրության, խելքի եւ կենսափորձի, մեր ժողովուրդը ոտքի կկանգնի: Այս 15 տարիները ցույց տվեցին, որ մենք դանդաղ, սակայն համոզված եւ ամուր, ինչը եւ բնորոշ է հայ ժողովրդին, գնում ենք մեր ինքնուրույն ճանապարհով»,- նշել է նա:

Գեներալի խոսքերով, Հայաստանի անկախության գլխավոր ձեռբերումներից դարձավ ուժեղ, մարտունակ բանակի ստեղծումը, որը, ըստ արտասահմանցի մասնագետների գնահատականի, ամենահզորն է տարածաշրջանում: «Ադրբեջանն անընդհատ խոսում է իր տնտեսության զարգացման բարձր տեմպերի մասին, սպառնում է իր ռազմական բյուջեի մեծացմամբ, սակայն ռազմական բյուջեի մեծությունը ամեն ինչ չի որոշում, եւ Բաքվի պաշտոնական թվերին ես չեմ հավատում: Միեւնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ Բաքվում չեն նստել ձեռքերը ծալած եւ սպասում են պատերազմի: Սակայն ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում դժվար թե վերսկսվեն ռազմական գործողությունները հակամարտության գոտում, քանի որ մեր բանակն իր պատրաստվածությամբ եւ մարտունակությամբ գերազանցում է Ադրբեջանի բանակին»,- ընդգծել է Տեր-Թադեւոսյանը, հայտնում է Դե-ֆակտոն: