Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես». «Արմեն» որբանոցն օր առաջ պետք է վերադարձվի հայերին

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես». «Արմեն» որբանոցն օր առաջ պետք է վերադարձվի հայերին

PanARMENIAN.Net - «Արմեն» որբանոցն օր առաջ պետք է վերադարձվի հայ ժողովրդին, հայտարարել է Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը», որը ներառում է մոտ 20 կուսակցություն ու քաղաքացիական նախաձեռնությունը:

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար հայ մանուկների ճամբարը քանդելու դեմ կոնգրեսի տարածած հայտարարության մեջ հիշեցվում է, որ ճամբար-որբանոցի տարածքը 1962 թվականին գնվել է հայկական բողոքական եկեղեցու կողմից: Իսկ ճամբարը կառուցվել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ջանքերով և որ ոչ ոքի մտքով չպետք է անցնի շարունակել ճամբարի քանդումը, թուրքական T24 լրատվակայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Արմեն» որբանոցը պաշտպանողների` Հիմնադրամների գլխավոր վարչության ու Ստամբուլի քաղաքապետի հետ երկխոսությունն այլևս չպետք է երկարաձգվի: Ճամբարը առանց մեկ օր անգամ ուշացնելու պետք է վերադարձնել հայ ժողովրդին: Չմոռանանք, որ որբանոցը Հրանտ Դինքն է ի պահ տվել բոլորիս: Հրանտ Դինքի ի պահ տված ճամբարը պաշտպանելու համար բոլորս էլ անելիք ունենք»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրված է «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը»-ի գործադիր խորհրդի անունով:

«Արմեն» որբանոցը հայ համայնքին պատկանած և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից է: Այստեղ 1915-ից հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, 1500 ավելի հայ որբեր են ապրել ու հայերեն սովորել: Նրանց թվում են եղել Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:

Թուրքիայում գտնվող «Արմեն» հայկական որբանոցի քանդման աշխատանքները, որոնք մեկնարկել էին մայիսի 6-ին, մեկ ամսով դադարեցվել են, մայիսի 8-ին գրել է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցի տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել: Այն այժմ գրանցված է գործարար Մեհմեթ Ալի Այդընարի ազգականի՝ Էրհան Այդընարի անունով: Վերջինս էլ իր հերթին տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին:

Ուլուսոյը մեկ ամսով դադարեցրել է քանդման գործընթացը: «Մեկ ամսվա ընթացքում եթե լուծում չգտնվի՝ քանդելու ենք»,- ասել է նա: Այդընարն ասել է, որ շինությունն իր անունով է գրանցված, սակայն ինքը դրա հետ որևէ կապ չունի, քանի որ առքուվաճառքի պայմանագիր կա:

«Ես շատ հայ ընկերներ ունեմ, սակայն այս պահին հանցավորի նման եմ: Ես պետությունից չեմ առել, հիմնադրամից չեմ առել: Օրինական ճանապարհով՝ գումարը վճարել եմ ու գնել: Ես շատ եմ վշտանում: Թուզլայում կյանքումս երկու անգամ եմ եղել, և եթե այժմ այն իմը լիներ, այդքան հուշեր պարունակող շինությունը կնվիրաբերեի: Սակայն մենք այժմ վաճառված գույքի մասին ենք խոսում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---