20 սեպտեմբերի 2006 - 15:35 AMT
Անկախության օրը իրականություն դարձած մեր ազգային իղձերի ու համազգային հպարտության օրն է
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 15-րդ տարեդարձի առթիվ: Անկախության օրը, մեր պետական տոնացույցում, անկասկած, ամենապայծառ ու կարեւորագույն տոնն է: Այն` ավելի քան 600-ամյա ընդմիջումից հետո իրականություն դարձած մեր ազգային նվիրական իղձերի ու համազգային հպարտության օրն է: 15 տարի առաջ մեր ժողովուրդն իր պատմական ընտրությունը կատարելիս եւ ազատ ու անկախ ապրելու իրավունքը նվաճելիս` քաջ գիտակցում էր այդ ճանապարհի տարբեր հանգրվաններում իրեն սպասող բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, բայց նաեւ համոզված էր, որ Անկախությունն այլընրանք չունի, որ այդպիսով հնարավորություն է ստանում այսուհետ ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը, որոշելու իր հետագա ընթացքը, տեղն ու դերը աշխարհի մյուս պետությունների շարքում:

Հայրենիքի մի հատվածի վրա հիմնելով անկախ պետություն` հայ ժողովուրդը, 1991թվականին, հիրավի, սկիզբ դրեց մի գործընթացի, որն այլեւս անկասելի է ու անշրջելի: Տոնելով Անկախության օրը եւ աներկբա ընդունելով Անկախությունն իբրեւ բարցարձակ արժեք, մենք չպետք է մոռանանք, որ այսօրվա հիմքում նախորդ տասնամյակների, նաեւ դրանից առաջ անկախության նվիրյալների տառապալից ու հերոսական պայքարն էր` հայոց ազատատենչ ոգին սերունդների մեջ վառ պահելու եւ անկախության բաղձալի օրվան հասցնելու համար: Արժանին մատուցենք Անկախության բոլոր նվիրյալներին եւ հատկապես նրանց, ովքեր այդ ճանապարհին զոհաբերեցին ամենաթանկը` իրենց կյանքը, սերունդներին թողնելով այն պահպանելու առաքելությունը: Պատահական չէ, որ մեր պետության անկախության 15-րդ տարեդարձը նշում ենք աշխարհի տարբեր ծայրերից Հայրենիքին օգտակար լինելու մղումով Հայաստան ժամանած մեր բազմաթիվ հայրենակիցների հետ միասին: Բոլորիս համար այս նշանակալի իրադարձության օրը շնորհավորենք միմյանց` մաղթելով մեր պետությանը հարատեւ խաղաղություն, մեր ժողովրդին` արժանավայել ու բարեկեցիկ կյանք եւ նվիրական իղձերի իրականացում: Վստահ եմ, որ մենք բավարար կամք եւ ներուժ ունենք միասնաբար դիմագրավելու բոլոր փորձությունները` մեր պետության ապագայի հանդեպ աներեր հավատով շարունակելու անկախության 15-ամյա մեր երթը»: