The Guardian-ը կանխատեսում է՝ Հայաստանը կհաղթի «Եվրատեսիլ 2015»-ում (վիդեո)

The Guardian-ը կանխատեսում է՝ Հայաստանը կհաղթի «Եվրատեսիլ 2015»-ում

PanARMENIAN.Net - Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է «Եվրատեսիլ 2015»-ին` կանխատեսելով, թե ով կհաղթի հոբելյանական՝ 60-րդ մրցույթում: Ըստ դրա` այս տարի մրցույթում հաղթելու է Հայաստանը: Աղբյուրը պարզաբանում է, որ կանխատեսման իր մոդելը հիմնված չէ երգերի որակի վրա, այլ այն վիճակագրության, թե անցած 12 տարիներին մասնակից երկրներից որն ինչքան ձայն է ստացել: Այդ տվյալները վերլուծում են ըստ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների և այլ հանգամանքների: Կանխատեսման այս մոդելի մշակման վրա The Guardian-ը 2 տարի է ծախսել:

Որպես կանխատեսումների ճշգրիտ լինելու օրինակ՝ պարբերականը նշում է, որ 2011-ին կանխատեսել էր հաղթողին` Ադրբեջանին, իսկ 2013-ին աղբյուրի սատարած մասնակիցը` Ադրբեջանը, երկրորդն էր, գրում է Tert.am-ը:

2015-ի եզրափակչին կմասնակցի 27 երկիր: Հայաստանի պատվիրակները ելույթ կունենան 6-րդը: Genealogy-ի 5 անդամը հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, 6-րդը՝ Հայաստանից: Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ:

Այդպիսով, աղբյուրը 2015-ի հաղթող է տեսնում Հայաստանի պատվիրակությանը: Ներկայացնելով Հայաստանի «հակասական Face the Shadow» երգը, պարբերականը գրում է, որ այն «վերաբերում է 1915-ին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային սպանությանը»: Նշվում է, որ ի սկզբանե երգը կոչվել է «Մի ժխտիր», իսկ Թուրքիան մինչև օրս շարունակում է հերքել, թե ցեղասպանություն է եղել: Ըստ աղբյուրի՝ «Եվրատեսիլ»ի կազմակերպիչները երգի առաջին վերնագիրը չափազանց քաղաքական են համարել, ինչի պատճառով էլ այն փոխվել է:

Մարտի 16-ին մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպմանը մրցույթի կազմակերպիչները հաստատել էին Հայաստանի մասնակցությունը, բայց փոխվել էր հայկական երգի խորագիրը՝ Don't Deny-ը (թարգ.՝ «Մի ժխտիր») փոխարինվել էր Face The Shadow-ով (թարգ.՝ «Առերեսվի՛ր ստվերին»): Փոփոխությունը միտված էր հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում:

Լավագույն հնգյակի մեջ The Guardian-ը տեսնում է նաև Սերբիային, Շվեդիային, Արդբեջանին ու Հունաստանին: Մրցույթի եզրափակիչն այսօր է՝ մայիսի 23-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---