20 սեպտեմբերի 2006 - 18:13 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսին հանձնվել է Ռուսաստանի Բարեկամության շքանշանը
Հայաստանում Ռուսաստանի դեպսնա Նիկոլայ Պավլովը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հանձնարարությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին է հանձնել ռուսական Բարեկամության շքանշանը: Ռուսաստանի նախագահի 2006 թ. օգոստոսի 8-ի հրամանագրով հովվապետը պարգեւատրվել է «հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած ավանդի համար»: Պարգեւատրության արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Երեւանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN,Net-ին Երեւանի ՌԴ դեսպանատան մամալո ծառայությունում, իր ելույթում Ն.Պավլովն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու եւ անձնապես կաթողիկոսի ավանդը հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը նպաստող հոգեւոր մթնոլորտի ձեւավորման համար: Պատասխան ելույթում Գարեգին Երկրորդը անկեղծ երախտագիտություն է հայտնել Վ.Պուտինին Ռուսաստանի բարձր պարգեւի համար: Նա նշել է, որ ընդունում է այդ շքանշանը որպես պարգեւ ոչ միայն իրեն, այլ Հայ Առաքելական եկեղեցուն: Կաթողիկոսը կարեւորել է բարեկամության հետագա ամրապնդումը Հասյաստանի եւ Ռուսաստանի ժողովրդների միջեւ: Նրա խոսքերով, այս հարցում Սուրբ Էջմիածնի հետ միակարծիք են նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցին եւ Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդն անձամբ: Իր հերթին, կաթողիկոս Արամ Առաջինը նույնպես արտահայտվեց ավանդական հայ-ռուսական կապերի ամրապնդման օգտին: