20 սեպտեմբերի 2006 - 19:57 AMT
Ս.Լավրով. «Սառեցված հակամարտությունների» քննարկումը ՄԱԿ-ի ԳՎ-ում քարոզչական քայլ է
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ՎՈՒԱՄ-ի տարածքների հակամարտությունների քննարկումը անվանել է քարոզչական քայլ: Ս.Լավրովը ենթադրել է, որ այդ քննարկումից պետք չէ դրական արդյունք ակնկալել: Ս.Լավրովի հայտարարությանը երեկ արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Բորիս Տարասյուկը: Նա հիշեցրել է ռուս գործընկերոջը Չեչնիայի մասին եւ կոչ է արել նրան «հարգանքով վերաբերվել այլ պետության տարածքային ամբողջականությանը»:

Իր հերթին լրագրողների հետ զրույցում Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլին երախտագիտություն է հայտնել Բ.Տարասյուկին աջակցության համար: «Սա առաջին հաղթանակն է: Առաջին անգամ է, որ Ռուսաստանին հակադրվեցին մի խումբ երկրներ, անցնելով ռուսական վետոի արգելքը: Դա նշանակում է, որ մենք, Ուկրաինան, Ադրբեջանը, Մոլդովան եւ մյուսները շատ սուր կդնենք այդ հարցերը ՄԱԿ-ի ամբիոնից: Այնպես որ Ռուսաստանին անհանգիստ օրեր են սպասում ՄԱկ-ում»: