Գյուղմթերքի տոնավաճառը վերսկսում է աշխատանքը. Բացումը՝ հունիսի 6-ին

Գյուղմթերքի տոնավաճառը վերսկսում է աշխատանքը. Բացումը՝ հունիսի 6-ին

PanARMENIAN.Net - Երևանի Կասյան փողոցում հունիսի 6-ից վերաբացվելու է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը գործելու է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Տոնավաճառի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը: Նախորդ տարիների պես տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող և սպառողին միմիայն սեփական արտադրանքը առաջարկող գյուղացիական տնտեսություններ:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին տրամադրելու է նաև անվճար վրաններ, վաճառասեղաններ, ինչպես նաև կշեռքներ և սայլակներ:

Տոնավաճառին սեփական արտադրանքը ներկայացնող գյուղտնտեսությունների մասնակցությունը ապահովելու և առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տեղում վերահսկողություն են իրականացնելու տոնավաճառի կազմակերպիչները, տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Տոնավաճառին մասնակցել հնարավոր է միայն Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են՝ վաճառքի ներկայացվող ապրանքը տվյալ մասնակցի սեփական արտադրանքն է:

Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից: Գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---