21 սեպտեմբերի 2006 - 15:35 AMT
Մի շարք ամերիկացի քաղաքական գործիչներ դեմ են Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը գտնում է, որ Ռոբերտ Մենենդեսի դիրքորոշումը կստանա ԱՄՆ Սենատի նաեւ այլ անդամների աջակցությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ոչ միայն Սենատը, այլ նաեւ մյուս ամերիկացի քաղաքական գործիչները դեմ են Ռիչարդ Հոգլանդի հաստատմանը Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: «Չնայած, որ որոշումը կայացնում է երկրի նախագահը, առանց Սենատի հավանության նա չի կարող նոր դեսպան նշանակել: Եթե սենատորները որոշեն վերջնականապես սառեցնել Հոգլանդի թեկնածության հաստատումը, այդ դեպքում մի շարք հարցեր կառաջանան: Առաջինը եւ ամենակարեւորը` պատրաստվում է արդյո՞ք Ջորջ Բուշը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ որքանով է առաջարկված թեկնածուն համապատասխանում իր նոր պաշտոնին: Ինքը Ռիչարդ Հոգլանդը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, եւ վերջապես, ԱՄՆ նախագահի վարչակազմը պարտավոր է հստակորեն պատասխանել այս հարցում թուրքական կառավարության շահագրգռվածության մասին եւ այն դերի մասին հարցին, որն այդ կառավորությունն ունեցել է Հայոց ցեղասպանության եւ Հայաստանում դեսպանի նշանակման հարցում»,-ընդգծել է ԱՀԴՀ գործադիր տնօրենը: