1 հունիսի 2015 - 10:47 AMT
«Իսլամական պետությունը» նոր տարածքներ է գրավել Սիրիայում

Սիրիայի հյուսիսում ընթացող մարտերի արդյունքում «Իսլամական պետությանը» հավատարմության երդում տված գրոհայինները նոր տարածքներ են գրավել: Նրանց հսկողության տակ է անցել Սորան Ազազ քաղաքը և հարևան երկու գյուղերը, որոնք ավելի վաղ գրավել էր ապստամբների մրցակից »Լևանտի ճակատ »խմբավորումը:

Այդպիսով, ԻՊ գրոհայինների դիրքերը Սիրիայում աստիճանապաբր մոտենում են Թուրքիայի սահմաններին:

Մինչդեռ Թուրքիայում մեկնարկել է Սիրիայի չափավոր ընդդիմության ռազմական վարժանքի ծրագիրը: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հյուսիսային Կիպրոս այցելության ժամանակ: ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ծրագրի իրագործմամբ «միասին զբաղվում են Թուրքիան և ԱՄՆ-ն»: Մինչդեռ, Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարեց, որ Սիրիայի ղեկավարությունը երրորդ պետությունների ցանկացած աջակցություն զինյալներին կգնահատի որպես ագրեսիա:

«Իսլամական պետությանը» հակազդող ապստամբների միությունը խոստովանել է, որ նրանց նահանջի հետևանքով վտանգված են կենսական նշանակության ապրանքների մատակարարման ուղիները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսն իր հերթին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «ԻՊ» գրոհայիններին կարելի է կանգնեցնել միայն ռազմական ու քաղաքական միջոցների միաժամանակյա կիրառման դեպքում:

Ըստ Պետրեուսի, ջիհադականներին չի կարելի հաղթել միայն «զենքի ուժով»:

Գեներալն «Իսլամական պետությաունն» անվանել է «կանոնավոր բանակ, որն իր նպատակների համար օգտագործում է ինչպես ապստամբներին հատուկ գործելաոճը, այնպես էլ, և զգալի մասով, ահաբեկչական»:

Ընդ որում, ըստ Պետրեուսի, «Ալ Քայիդայի» խմբավորումն Իրաքում, որը համարվում է «ԻՊ» նախատիպը, շատ ավելի մեծաթիվ էր, քան «Իսլամական պետությունը» և շատ ավելի արմատացած Իրաքի տարածքում:

Ալժմ Իրաքի բանակն ԱՄՆ աջակցությամբ փորձում է հետ վերցնել իսլամիստների գրաված տարածքները: Պաշտոնաթող գեներալը Ռամադիի գրավումը ԻՊ գրոհայինների կողմից ռազմավարական կորուստ է անվանել: Միևնույն ժամանակ նա վստահ է, որ «Ռամադին հետ կգրավվի մի քանի շաբաթվա ընթացքում կամ ավելի շուտ»:

Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են կառավարական շենքերի համալիրը իրաքյան Էր Ռամադի քաղաքում: Ինչպես գործակալությանն է հայտնել տեղական ոստիկանության ներկայացուցիչը, գրոհայինները սև դրոշ են բարձրացրել շենքերի վրա:

Ըստ Պետրեուսի, անհրաժեշտ է ևս մեկ անգամ դիտարկել «Իսլամական պետության» դեմ պայքարն ու անհրաժեշտ փոփոխություններ կատարել` հենց դա է այժմ տեղի ունենում, ասել է ԿՀՎ նախկին ղեկավարը:

Մինչդեռ ՄԱԿ ահաբեկչական կազմակերպությունների անդամ տարբեր երկրներից գրոհայինների սպառնալիքին հակազդելու միջոցներին նվիրված Անվտանգության խորհրդի նիստում գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ Մերձավոր Արևելքում մոտ 25 հազար օտարերկրացի գրոհայիններ են կռվում աշխարհի 100 երկրից:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին: