1 հունիսի 2015 - 13:56 AMT
Հայ օդաչուները մտադիր են 2016-ին մասնակցել «Ավիադարտս» միջազգային մրցույթին

Հնդկաստանի, Եգիպտոսի, Պակիստանի և Հայաստանի ՌՕՈւ անձնակազմերը մտադիր են մասնակցել «Ավիադարտս» միջազգային մրցույթին, որը տեղի կունենա հաջորդ տարի, լրագրողներին է հայտնել ՌԴ ՌՕՈւ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը:

Ըստ գլխավոր հրամանատարի, 2015-ի ամռանը միջազգային փուլին մասնակցելու են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Չինաստանը:

«Այս տարի ևս 7 երկիր ներկա կգտնվի դիտորդի կարգավիճակով` նրանք մտադիր են հետագայում մասնակցել մրցույթին: Իսկ 2016-ին պարտադիր միանալու են Հնդկաստանն ու Եգիպտոսը, մտադիր են Պակիստանն ու Հայաստանը»,-ասել է Բոնդարևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

2014-ին մրցույթը միջազգային կարգավիճակ ստացավ` Ռուսաստանի հավաքականի մրցակիցներն էին Բելառուսի և Չինաստանի օդաչուները:

«Ավիադարտսը» հրթիռային սարքերից և ավիացիոն հրանոթներից ցամաքային թիրախների խոցման ճշգրտության մրցույթ է: Մասնակիցները պետք է ցուցադրեն տարբեր պայմաններում մարտական գործողություններ վարելու օդաչուների ունակություններն ու պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը: Մրցույթը նաև ենթադրում է օդաչուների ցուցադրական ելույթներ: Կազմակերպիչները նշում են, որ չնայած ավիաարկերի մարտական կիրառմանը, «Ավիադարտսը» զորավարժություն չէ, այլ սպորտային մրցույթ: