1 հունիսի 2015 - 16:21 AMT
Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում վերաբացել քաղաքի Հայկական թանգարանը

Փարիզի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ խնդրելով բանակցություններ սկսել Հայկական թանգարանի վերաբացման շուրջ: Խորհուրդը կոչ է անում երկարաժամկետ լուծում գտնել Ֆրանսիայի հայկական թանգարանը կա՛մ Փարիզում, կա՛մ Մեծ Փարիզում տեղակայելու համար, հաղորդում է Nouvelles d'Arménie պարբերականը:

Հանուն ժողովրդական շարժման միության նախաձեռնած երաշխավորական բանաձևը նաև քաղաքապետին կոչ է անում «թանգարանի ղեկավարության հետ միասին ուսումնասիրել քաղաքի կողմից ժամանակավոր ազատ տարածք տրամադրելու հնարավորությունը՝ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում, թանգարանի հավաքածուն ցուցադրելու համար»:

Ֆրանսիայի Հայկական թանգարանը 1995 թվականից փակ է: Դրա հավաքածուն ներառում է հայոց պատմության և մշակույթի հետ կապված մոտ 1.200 ստեղծագործություն: Պետական սեփականություն հանդիսացող թանգարանի տարածքում 2011 թվականին վերանորոգման աշխատանքներ են սկսվել, սակայն տարածքը չի վերադարձվել թանգարանին: