2 հունիսի 2015 - 13:48 AMT
ՌԴ ԴՄԾ-ն առաջարկում է արագ և առանց քվոտաների աշխատանքի ընդունել միգրանտներին ԱԱ-2018 օբյեկտներում

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունն (ԴՄԾ) առաջարկում է կառավարությանը պարզեցնել օրինականացման ընթացքը օտարերկրացի այն աշխատողների համար, որոնց ռուսական ընկերությունները հրավիրում են աշխատելու ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության օբյեկտների շինարարությունում:

Գերատեսչությունում կառավարության որոշման համապատասխան նախագիծ են պատրաստել: Նախատեսվում է, որ շինարար աշխատանքային ներգաղթյալների փաստաթղթերը կքննվեն սեղմ ժամկետում, իսկ մուտքի արտոնագրերով ռեժիմով երկրների քաղաքացիների վրա քվոտավորման համակարգը չի տարածվի: Փորձագետներն ու իրավապաշտպանները կարծում են, որ այդ համակարգը թույլ կտա կապալառուներին որակյալ աշխատուժ վարձել արտերկրից, ինչպես նաև կպաշտպանի միգրանտների իրավունքները, գրում է «Իզվեստիա» թերթը:

Ըստ ԴՄԾ մշակած որոշման նախագծի, օրինականացման պարզեցված կանոնները կտարածվեն ցանկացած երկրի քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են աշխատել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության օբյեկտների շինարարության վրա: Առաջին հերթին պոտենցիալ շինարարներին կհավաքագրեն առանց հաշվի առնելու աշխատուժի քվոտաները, որոք որոշում են շրջանների իշխանությունները:

«Նախատեսվում է մուտքի արտոնագիր տալու որոշում կայացնելիս հաշվի չառնել օտարերկրացիների քվոտաներն ու աշխատանքի թույլտվության քվոտաները»,-ասվում է կից գրության մեջ:

Կպարզեցվի նաև բյուրոկրատական ընթացակարգը:Օրինակ, առաջարկվում է կրճատել ՌԴ մուտքի արտոնագիր ստանալու համար միջնորդագրերի քննարկման ժամկետը 20-ից մինչև 15 օր` օտարերկրացիների համապատասխան կատեգորիայի համար: Գործատուն պետք է կոնկրետ միգրանտի անունով հայտ ներկայացնի ԴՄԾ և ԱԴԾ, որպեսզի վերջինիս ստուգեն ՌԴ օրենսդրության խախտումների գծով: Եթե ինչ-ինչ պատճառներով հրավերի տրամադրումը մերժվում է, ապա քաղաքացին պետք է իրազեկվի երկու օրվա ընթացքում: Այժմ իրազեկման ժամկետը 3 օր է: Դա թույլ կտա գործատուին օպերատիվ հարցում ներկայացնել այլ աշխատակցի անունով:

Եթե ԱԱ-2018 օբյեկտների շինարարությանը մասնակից աշխատողը մտադիր է ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալ Ռուսաստանում, որն իրավունք է տալիս 3 տարի ապրել և աշխատել երկրում առանց աշխատանքի լրացուցիչ թույլտվության, ապա այս դեպքում որոշումը նրա վերաբերյալ պետք է կայացվի 50 օրվա ընթացքում, ոչ թե 60, ինչպես մյուս կատեգորիաների համար:

Ըստ փորձագետների, այս նախաձեռնությունը թույլ կտա ներգրավել բանվորների նաև հեռավոր երկրներից:

«Այժմ քվոտաները չեն վերաբերում այն երկրների բնակիչներին, որոնց հետ Ռուսաստանն առանց վիզաների ռեժիմ ունի, քանի որ նրանք աշխատում են աշխատանքային պատենտներով,-պարզաբանել է ԴՄԾ նախկին ղեկավար, «Միգրացիա XXI դար» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Պոստավնինը:-Եթե քվոտաներն այժմ չտարածվեն նաև այլ երկրների քաղաքացիների վրա, ապա, հավանաբար, կապալառուները շինարարներ կվարձեն Թուրքիայից կամ Կիպրոսից: Օրինակ, նրանց, ով նախկինում աշխատել է Չինաստանում Օլիմպիադա-2008-ի համար օբյեկտների շինարարության վրա: Նման մոտեցումը ճիշտ կլինի, քանի որ նման մակարդակի մասնագետներ նման աշխատանքային փորձով Ռուսաստանում գրեթե չեն մնացել»:

Ըստ Պոստավնինի, օտարերկրացիներն աշխատում են ավելի կազմակերպված և ավելի իրավասու են, քան ռուսաստանցի աշխատողները:

Ըստ իրավապաշտպանների, նոր համակարգն առավել թափանցիկ կդարձնի շինարարական ոլորտն ու լրացուցիչ պաշտպանություն կլինի միգրանտների համար:

2018 թ. աշխարհի առաջնության խաղերն անցնելու են Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Եկատերինբուրգում, Սամարայում, Սոչիում և Դոնի Ռոստովում: Գրեթե բոլոր քաղաքներում հարկ կլինի կառուցել նոր մարզադաշտեր կամ վերակառուցել հները:

Այժմ աշխարհի առաջնության օբյեկտների շինարարությամբ զբաղվում է 4 ռուսական ընկերություն:

Ըստ ԴՄԾ ղեկավարի 2015-ի հունվարին աշխատանքային միգրանտների քանակը Ռուսաստանում նվազել է 70 տոկոսով մեկ տարվա վաղեմության ցուցանիշների համեմատ: Օտարերկրացիների շրջանում ՌԴ-ում շինարարական աշխատանքներին մասնակցելու հանդեպ հետաքրքրության նվազումը բացատրվում է օրենսդրության խստացմամբ և ռուբլու փոխարժեքի նվազմամբ: