Էրդողանի հետապնդման մոլուցքը. Թուրքիայի դեմ դավադրության մեջ են բոլորը` լրագրողները, հայերը, ԼԳԲՏ հանրությունը

Էրդողանի հետապնդման մոլուցքը. Թուրքիայի դեմ դավադրության մեջ են բոլորը` լրագրողները, հայերը, ԼԳԲՏ հանրությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է խիստ քննադատությունը լրագրողների, հայերի, ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների հասցեին` մեղադրելով նրանց քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանն աջակցելու մեջ:

«Նրանց ամենամեծ դաշնակիցը «Դողան Մեդիան» է: Ինչպես նաև հայկական լոբբին, միասեռականները, նրանք, ով հավատում է «Ալևիականությանն առանց Ալիի»` նրանք բոլորը Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կողմից հրահրվող դավադրության մասնակիցներ են»,-հայտարարել է Էրդողանը Վինգյոլ արևելյան գավառի բնակիչների հետ հանդիպմանը:

Ինչպես նշում է Hürriyet-ը, շահարկումները կուսակցության շուրջ, կապված են այն բանի հետ, որ, հավանաբար, կուսակցությանը կհաջողվի հավաքել անհրաժեշտ 10 տոկոսը խորհրդարան անցնելու համար, և դրանից է կախված, թե որքան տեղ կունենա խորհրդարանում ԱԶԿ-ն:

Առանց հիշատակելու իշխող ԱԶԿ-ն, Էրդողանը հորդորել է «քվեարկել այն կուսակցության օգտին, որն ավելի է դուր գալիս», հայտնում է Armenia Today-ը:

Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան հունիսի 7-ին: Քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին: Եթե նա հաղթահարի 10 տոկոսի շեմը, կանցնի խորհրդարան:

Ավելի վաղ Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) նախագահի միջազգային գործերի գծով տեղակալ Նազմի Գյուրը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

«Մենք կողմ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման մասին արձանագրությունների կատարմանը: Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կախված լինեն ղարաբաղյան խնդրի կարգավորումից, դա հայ և ադրբեջանցի ժողովրդների խնդիրն է, որը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով: Մենք նաև կողմ ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-հայտարարել է Գյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մինչդեռ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց դատի տալ Cumhuriyet թերթի խմբագրին և նյութի հեղինակներին, որտեղ թուրքական հատուկ ծառայությունները մեղադրվում են Սիրիա զենքի մաքսանենգության մեջ: Ինչպես ասվում է հրապարակման մեջ, զենքը տեղափոխվել է իսլամիստների կողմից վերահսկվող տարածք: «Ես սա այսպես չեմ թողնի: Հրապարակման համար պատասխանատու մարդիկ կպատժվեն ամենայն խստությամբ»,-հայտարարել է նախագահը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում: Էրդողանը հայտարարել է, թե խմբագրությունը Ֆեթուլլահ Գյուլենի պատվերն է կատարել:

«Ազգային հետախուզական կազմակերպությանը ապօրինի գործունեության մեջ մեղադրելը ոչ այլ ինչ է, քան լրտեսություն: Թերթը հենց լրտեսությամբ էլ զբաղվում է»,-ասել է նախագահը: Ըստ նրա, կազմակերպությունն ուղեկցել է սիրիացի թուրքմեններին հասցեագրված հումանիտար բեռը: Ինչպես հայտնել է խմբագրությունը, տեսագրությունը, որտեղ թուրքական ոստիկանները զենքով արկղերը բեռնում են մեքենաներ, նկարահանվել է 2014-ի հունվարին: Լրագրողները հայտնել են, որ մտադիր չեն հրապարակել տեղեկատվության աղբյուրը:

Դատախազությունը քննություն է սկսել թերթի խմբագիր Քանա Դունդարի դեմ: Լրագրողը պատասխանել է` հայտարարություն հրապարակելով սոցցանցերում: «Մենք լրագրողներ ենք, ոչ թե պետական պաշտոնյաներ: Մեր խնդիրն է ոչ թե ամեն գնով պաշտպանել իշխանություններին, այլ քաղաքացիներին ճշմարտությունը պատմել»,-գրել է նա, հայտնում է Newsru.co.il-ը:

Էրդողանը նաև մեղադրել է արևմտյան ԶԼՄ-ներին այն ուժերին աջակցելու մեջ, որոնք ձգտում են «թուլացնել և մասնատել երկիրը»:

«Հասկանալի է, թե որ ուժերն են դրա հետևում կանգնած: Նրանք գնում են այն ուղղությամբ, որը նրանց մատնանշում են: BBC-ին և CNN-ը նույնն էին անում Գեզիի բողոքների ժամանակ: Դուք գիտեք, թե ո՞րն է նրանց նպատակը: Նրանք ցանկանում են թուլացնել Թուրքիան, մասնատել այն և կուլ տալ: Բայց մենք թույլ չենք տա դա անել, նրանք չեն հասնի հաջողության»,-հայտարարել է Էրդողանը, հայտնում է Ռոսբալտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---