Ստամբուլի գլխավոր դատախազություն. Դինքի սպանությունը ծրագրել է ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետը

Ստամբուլի գլխավոր դատախազություն. Դինքի սպանությունը ծրագրել է ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետը

PanARMENIAN.Net - Ստամբուլի գլխավոր դատախազությունը ոստիկանության հետախուզական մարմինների հետ համատեղ զեկույց է պատրաստել, որտեղ նշվում է, թե հայկական «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ կապ ունի «Զուգահեռ կառույցը»:

«Զուգահեռ կառույց» կոչվածը Թուրքիայում նույնականացվում է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլի ստեղծած շարժման հետ:

Թուրքական Sabah պարբերականին հղումով Ermenihaber-ը գրում է, որ զեկույցի մեջ առանցքային տեղ է զբաղեցնում Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, որը վերջերս Դինքի սպանության գործով ձերբակալվել էր:

Զեկույցի մեջ մանրամասն ներկայացվում է սպանության նախապատրաստման ընթացքը: Ըստ այդմ` Դինքի սպանությունից 6 տարի առաջ Յըլմազերը հիմնել է «C-5» գաղտնի բյուրո, որը վարել է «զուգահեռ կառույցի» գործերը: Նշվում է, որ այդ խումբը Ergenekon-ի, Balyoz-ի և պետական հեղաշրջմանը միտված նմանատիպ այլ օպերացիաների համար հիմք է նախապատրաստել: «C-5»-ը ծրագրել էր Դինքի սպանությունունից հետո անցնել Ergenekon-ի գործողությունների պատրաստման հաջորդ փուլին, քանի որ բոլորը զբաղված կլինեն Դինքի սպանությամբ:

«Դինքի սպանությունը բոլորի հայացքները կուղղեր ազգայանականների վրա, իսկ Ergenekon-ի գործն ավելի կհեշտանար»-գրում է թերթը:

Յըլմազերը մեղադրվում է « C-5» գաղտնի կառույցը ղեկավարելու մեջ: Նշվում է, որ «Ակոսի» խմբագրապետի սպանությունը հենց այդ կառույցում է ծրագրվել:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---