Նոր օրինագիծ. Անձնագիր ստանալու համար քաղաքացիները կկարողանան լուսանկարվել նաև իրենց գտնվելու վայրում

Նոր օրինագիծ. Անձնագիր ստանալու համար քաղաքացիները կկարողանան լուսանկարվել նաև իրենց գտնվելու վայրում

PanARMENIAN.Net - Ազգային Ժողովի առաջիկա քառօրյայի օրակարգում են ընդգրկել «ՀՀ քաղաքացու անձագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը: Նախատեսվող փոփոխությունների ընդունման դեպքում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել և մատնադրոշմներ հանձնել նաև իրենց գտնվելու վայրում՝ առանց ոստիկանության մարմին ներկայանալու:

Սա հիմնականում նախատեսված է հաշմանդամություն ունեցող մարդկանց, հիվանդանոցային կամ տնային պայմաններում ծանր հիվանդությամբ տառապող, ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը կորցրած, ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների համար:

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյան, ներկայացնելով նախատեսվող փոփոխությունները, նշել է, որ դրանց ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2014-ի գործունեության ծրագրից և նպատակ ունի վերացնել գործող օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

«Այսինքն՝ ներդրվելու է շարժական համակարգ»,- ասել է նա:

Բացի այդ, նախատեսվում է սպառիչ սահմանում տալ՝ անձագիր կամ նույնականացման քարտ տրամադրելը մերժելու հիմքերի համար, ինչպես նաև՝ համապատասխան անձնագրային գործողությունների դիմումն ընդունել օրենքով նախատեսված փաստաթղթերն ամբողջական ներկայացնելուց հետո:

Եղիազարյանը հայտնել է, որ օրենքներից կհանվի նաև նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու համար դիմելուց հետո մեկ տարվա ընթացքում փաստաթղթերը չվերցնելու հիմքով դրանք անվավեր ճանաչելու մասին դրույթները. «Այսպիսով, քաղաքացուն հնարավորություն կտրվի իր անվամբ տպագրված փաստաթուղթը ստանալ նաև մեկ տարին լրանալուց հետո մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը»,- մեջբերում է Panorama.am-ը:

Բացի այդ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է որոշակի կատեգորիայի քաղաքացիների համար համալրել անձնագիր և նույնականացման քարտ տրամադրելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը:

2014 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր այլևս չեն տրվում, դրանք փոխարինվել են նույնականացման քարտերով: Հին նմուշի անձնագրեր են ստանում միայն այն քաղաքացիները, որոնց փաստաթուղթը տրվում է ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Մասնավորապես, այդ խմբին են դասվում մինչև 16 տարեկան երեխաներն ու նախազորակոչային տարիքի՝ 16-18 տարեկան երիտասարդները:

Նույնականացման քարտում ներառված են քաղաքացու անկետային բոլոր տվյալները, էլեկտրոնային ստորագրությունն և հանրային ծառայության համարանիշը, որը ստանալու համար պետք է վճարել 3000 դրամ: 16 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր առաջին անգամ են նույնականացման քարտ ստանալու, և աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին նույնականացման քարտը կհատկացվի անվճար:

Հին նմուշի անձնագրերը գործում են ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս մինչև վավերացման ժամկետի ավարտը, իսկ մինչև այդ քաղաքացիները, եթե չեն ցանկանում, կարող են չօգտվել կենսաչափական անձնագրերից և նույնականացման քարտից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---