«Յոթ միլիարդ ցանկություն` մեկ մոլորակ». Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության օրն է

«Յոթ միլիարդ ցանկություն` մեկ մոլորակ». Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության օրն է

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ն աշխարհի ավելի քան հարյուր երկրում նշում են որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր: 1972 թվականի դեկտեմբերի 15-ի հատուկ բանաձևի հիման վրա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի համակարգում ստեղծվեց նոր` UNEP (United Nations Environment Programme) ծրագիրը, որի նպատակը շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն է:

1972 թվականին հենց այս օրը Ստոկհոլմում տեղի ունեցավ ՄԱԿ-ի առաջին խորհրդաժողովը` նվիրված շրջակա միջավայրի խդիրներին, որի ժամանակ որոշվեց այն 26 հիմնական կետը, որով պետք է առաջնորդվեին պետությունները` շրջակա միջավայրի պահպանությանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանն ուղղված գործողություններում:

Դրանից հետո մինչև օրս UNEP-ի հովանու ներքո ամեն տարի նոր կարգախոսով իրականացվում է թեմատիկ միջոցառումների շարք: Բնապահպան հանրությունն այս տարվա միջոցառումներում առաջնորդվում է «Յոթ միլիարդ ցանկություն` մեկ մոլորակ. սպառիր խնայողաբար» կարգախոսով:

Հայաստանը ևս անմասն չի մնում համամարդկային պայքարից: Կարևորելով շրջակա միջավայրի պահպանության դերը մեր երկրում՝ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր ուղերձում նշել է, որ այս օրը հնարավորություն է տալիս հասարակության ուշադրությունը բևեռել շրջակա միջավայրի խնդիրների վրա.

«Հայաստանը տարածաշրջանում ունի ամենահարուստ կենսաբազմազանությունը և այն պահպանելու, արժանապատվորեն մեր սերունդներին փոխանցելու խնդրի առաջ ենք կանգնած: Այդ պատճառով շրջակա միջավայրի պահպանության օրվա խորհուրդը չպետք է սահմանափակվի միայն հունիսի 5-ով, այլ պետք է ուղեկցի մեզ յուրաքանչյուր օր , որպես հերթական առիթ` վերհանելու և լուծելու բնապահպանական խնդիրները` ի շահ մեր քաղաքացիների բարօրության և բարեկեցության, ապագա սերունդների բնականոն կյանքի»,- ասել է նախարարը՝ կոչ անելով համաքաղաքացիներին համատեղել ջանքերը հայրենի բնաշխարհի պահպանության գործում:

Կարդացեք նաև՝ Հինգ կենդանատեսակ, որոնք Հայաստանում անհետացման եզրին են

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---