Թուրքիայում նախընտրական հանրահավաքում պայթյուն է հնչել. 2 զոհ կա

Թուրքիայում նախընտրական հանրահավաքում պայթյուն է հնչել. 2 զոհ կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր գավառում նախընտրական հանրահավաքի ժամանակ երկու մարդ զոհվել է և ևս 100-ը վնասվածքներ ստացել: Այդ մասին տեղի լրագրողներին է հայտնել պարենի, գյուղատնտեսության ու անասնապահության նախարար Մեհդի Էքերը:

Հունիսի 7-ին Թուրքիայում կանցնեն խորհրդարանական ընտրություններ: Առաջին անգամ ընտրություններին մասնակցում է նաև քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Խորհրդարան անցնելու համար, կուսակցությունը պետք է հաղթահարի 10%-անոց արգելքը, փորձագետները տարակարծիք են կանխատեսումներում:

Ըստ ստացվող հաղորդագրությունների, պայթյունները որոտացել են մի քանի րոպեի տարբերությամբ հրապարակում, որտեղ նախապատրաստական աշխատանքներ էին տարվում քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքի համար:

Սկզբում կարծում էին, որ պայթյունի պատճառը անսարքությունն է եղել: Մինչդեռ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ «աղբյուրը հաստատ ենթակայանում չի եղել»: «Մեր մասնագետները զննել են պատահարի վայրը: Ըստ ավերածությունների, ակնհայտ է, որ պայթյունը դրսում է որոտացել»,-ասել է նա:

Վիրավորներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ: Ոմանց վիճակը ծանր է: Տեղական ԶԼՄ-ներում պատահարի վայրից լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում են ասֆալտի վրա ցրված մետաղագնդեր, որոնք կարող էին խոցման տարրերի դեր կատարել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Տարբեր վարկածներ են քննվում, այդ թվում ահաբեկչության մասին: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ իշխանությունները կպարզեն պատահածի պատճառը: «Մենք կպարզենք, թե դա ինչ էր` ենթակայանի պայթյուն, հարձակում թե սադրանք: Եվ ամենասեղմ ժամկետում կստանանք արդյունքները: Ես կոչ եմ անում Դիարբեքիրի բնակչությանը զգոն լինել և չսրել իրադրությունը»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ոստիկանության ուժեղացված ուժեր են տեղակայվել Թուրքիայի արևելքում գտնվող Դիարբեքիրում` երկրի «քրդական մայրաքաղաքում»: Քաղաքի կենտրոնի Դաղ-կապի հրապարակում 3 զրահամեքենա է կանգնած: Գազի փողոցում, որն ացնում է քաղաքի կենտրոնով, ջրանետ մեքենա է կանգնած, իսկ Իզզեթ-Փաշա փողոցում` երկու ոստիկանական զրահամեքենա: Ոստիկանները պարեկում են քաղաքի փողոցները, մեկ ուժեղացված պարեկախմբում, որպես կանոն, 6 մարդ կա: Ժամանակ առ ժամանակ քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռ է պտտվում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին հայտարարեց կուսակցության նախագահի միջազգային գործերի գծով տեղակալ Նազմի Գյուրը:

Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում են նաև հայ թեկնածուներ` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցություններից: Ըստ փորձագետների, հայ թեկնածուներից ֆավորիտը «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանն է, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---