6 հունիսի 2015 - 13:42 AMT
Մինի-համակարգիչը լիցքավորման սարքի չափ կլինի

Կոմպակտ անհատական համակարգիչներն աստիճանաբար մեծ պահանջարկ են ստանում: Մինի-համակարգիչների կողմնակիցները համարում են, որ այդ սարքերը կարող են լայն տարածում ստանալ զարգացող երկրներում, քանի որ շատ ավելի քիչ են էներգիա ծախսում, բավականաչաջ հաշվարկային հզորություն ունեն, ինչպես նաև ձայնային կառավարման հնարավորություն:

Quanta ընկերությունը մշակել է Compute Plug մինի-համակարգիչը, որը սմարթֆոնի համար նախատեսված սովորական լիցքավորման սարքի չափ է և աշխատում է նոր Windows 10 օպերացիոն համակարգի հիման վրա: Սարքն ունի երկու USB պորտ և մեկ HDMI:

Compute Plug-ի մասին քիչ բան է հայտնի, սակայն, ինչպես հայտնեց ընկերությունը, մինի անհատական համակարգիչը կարող է միանալ ամերիկյան ստանդարտի ցանկացած վարդակի և միանալ հեռուստացույցին: Դա հեռուստացույցը վերածում է խելացի համակարգչի, որին կարելի է ղեկավարել Cortana թվային օգնականի միջոցով Bluetooth-գարնիտուրի օգնությամբ:

Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև: Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը: