Թուրքիայի նորընտիր խորհրդարանում հայ պատգամավորներ կլինեն

Թուրքիայի նորընտիր խորհրդարանում հայ պատգամավորներ կլինեն

PanARMENIAN.Net - Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի ազգային մեծ ժողովը 4 կուսակցությունից բաղկացած նոր կառույց է դարձել, գրում է Radikal-ը:

«Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական, «Ազգայնական շարժում» և Ժողովրդա-դեմոկրատական («Ազգերի ժողովրդավարություն») կուսակցություններից կազմված նոր խորհրդարանում լինելու են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր, հայտնում է Tert.am-ը:

Ըստ քվեաթերթիկների նախնական հաշվարկի, թուրքական Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) մեծամասնություն չի ստացել խորհրդարանում` հավաքելով ձայների 40,8 տոկոսը:

Խորհրդարանում ներկայացված 4 կուսակցություններից 3-ում հայ թեկնածուներ կային:

ԱԶԿ-ից Մարգար Եսայանը, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Սելին Օզուզուն Դողանն ու քրդամետ «Ազգերի ժողովրդավարությունից» Կարո Պայլանն ընտրվել են և իրենց ներդրումը կունենան Թուրքիայում ժողովրդավարության կայացման գործում:

Վերջին 12 տարիներին իշխող դիրքը պահպանող Արդարության և զարգացման կուսակցությունը խորհրդարանում ստացել է 256 տեղ 550-ից: Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցություններից մեկի հետ: 10-տոկոսանոց արգելքը հաղթահարել է նրանցից 3-ը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1 տոկոս), Ազգայնական շարժման կուսակցությունը (16,4 տոկոս) և քրդամետ Ժողովրա-դեմոկրատական կուսակցությունը (12,8 տոկոս):

Իշխող կուսակցությունը կորցրել է ձայների մոտ 9 տոկոսը նախորդ ընտրությունների համեմատ: Թուրքիայի ԿԸՀ նախագահը հայտնել է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան 10-12 օրից: Քրդական փոքրամասնությունը, որն, ըստ փորձագետների կազմում է Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, առաջին անգամ ներկայացված կլինի երկրի քաղաքական ասպարեզում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին հայտարարեց կուսակցության նախագահի միջազգային գործերի գծով տեղակալ Նազմի Գյուրը:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---