26 սեպտեմբերի 2006 - 17:29 AMT
ԱՊՀ Արտակարգ իրավիճակների խորհուրդը չի քննարկի Ղարաբաղում հրդեհների հարցը
Սեպտեմբերի 26-ին Երեւանում բացվեց ԱՊՀ Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի XX-րդ նիստը: Եռօրյա նիստի ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի փրկարար ծառայությունների ներկայացուցիչները կքննարկեն մինչեւ 2010 թվականը արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ չեզոքացման գծով ԱՊՀ անդամ երկրների համատեղ գիտական հետազոտությունների կազմակերպման միջազգային ծրագրի նախագիծը: Նիստի ընթացքում մասնակիցները կքննարկեն նաեւ ԱՊՀ փրկարարա-ջրասուզական ծառայությունների համար մասնագետների պատրաստման միջազգային կենտրոնի ստեղծման մասին փաստաթղթերի նախագիծը, Բելառուսի ԱԻՆ վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ինստիտուտին ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ժամանակ ԱՊՀ ուժերի կորպուսի եւ ԱՊՀ երկրների փրկարարական բժշկական ծառայությունների գործակցության հարցերը: Ռուսաստանի ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն Յուրի Բրաժնիկովի խոսքերով, նիստի ժամանակ կքննարկվի նաեւ 2007 թվականին արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ԱՊՀ ուժերի կորպուսի հրմանատարաշտաբային զորավարժություններ անցկացնելու մասին հարցը:

Յու.Բրաժնիկովը նշել է նաեւ, որ նիստի օրակարգում չկա Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող տարածքներում հրդեհների մարման համար օգնություն ցուցաբերելու հարց: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՊՀ ուժերը կարող են ներածին չափով օժանդակել, սակայն «դա չի նշանակում, թե նրանք պետք է առաջադրվեն հրդեհների մարման վերաբերյալ հարցում, քանի որ այդ հարցը քննարկվում է քաղաքական տեսակետից»: Եթե հաստատված կարգով լուրջ հարցումներ ստացվեն, ապա, իհարկե, ե'ւ Ռուսաստանը, ե'ւ Հայաստանը, ե'ւ Ադրբեջանը ե'ւ շատ այլ երկրներ միջոցներ կձեռնարկեն հրդեհները մարելու համար»,-հավաստիացրել է Ռուսաստանի ԱԻՆ ներկայացուցիչը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: