26 սեպտեմբերի 2006 - 17:36 AMT
Պատմության մեջ առաջին անգամ Լուվրում կցուցադրվեն հայկական խաչքարեր
Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ Լուվրում կցուցադրվեն շուրջ 40 խաչքարեր: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, տարվա ընթացքում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի կունենան համերգներ եւ ցուցահանդեսներ: «Փարիզի Ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչների` Այվազովսկու, Արշիլ Գորկու, Սարյանի եւ այլոց ցուցահանդեսը: Տեղի կունենան ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերի համերգները, Արեւմտյան Հայաստանի փոստային բացիկների ցուցահանդես, արվեստի հայ գործիչների ելույթներ»,-ասել է նա: ՀՀ նախագահի խորհրդականը հաղորդել է նաեւ, որ Ֆրանսիա կայցելեն շուրջ 1000 երեխաներ Հայաստանից: «Ծախսերն իր վրա են վերցրել Ֆրանսիայի Սենատը եւ Ազգային Ժողովը, իսկ հայկական կողմից` Ֆրանսիայում Հայաստանի տարվա գլխավոր հովանավորներ «Արմավիա» եւ «Ռուսպետապ» ընկերությունները: Երեխաներին ընտրելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ»,-նշել է Սարգսյանը: