«Որոտան» ՀԷԿ-ի գույքը վաճառվել է

«Որոտան» ՀԷԿ-ի գույքը վաճառվել է

PanARMENIAN.Net - Կառավարությունում այսօր՝ հունիսի 8-ին, ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը: Այն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև:

Վաճառքի պայմանագիրը նախատեսված էր ստորագրել հունիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում, բայց հետաձգվել էր, ավեի վաղ ասել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ նշելով, որ պատճառներիր մասին որևէ տեղեկություն չունի:

Մինչև այդ նախարար Երվանդ Զախարյանը նշել էր, որ վաճառվում է «Որոտան» բաժնետիրական ընկերության գույքը, այլ ոչ թե ընկերությունը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» ընկերությունների լիազորված անձ/ներկայացուցիչ, «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:

Ի դեպ կառավարությունը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները 2014-ի հունվարի 29-ին գույքի 180 մլն դոլար արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, առաջիկա 6 տարվա ընթացքում Որոտանի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ $70 մլն:

«Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտի հետ հանդիպմանն այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը` որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ:

Գործադիր տնօրենն էլ ընդգծել էր, որ իրենք շահագրգռված են մեծածավալ ներդրումներ կատարել` ՀԷԿ-ի համալիրի արդիականացման և լիարժեք գործարկման համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---