ԿԲ. Մայիսին գնաճը եղել է կանխատեսումների շրջանակում

ԿԲ. Մայիսին գնաճը եղել է կանխատեսումների շրջանակում

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը մեկնաբանել է մայիս ամսվա գնաճի ցուցանիշը: Ըստ դրա,ԱՎԾ պաշտոնական վիճակագրության համաձայն, ապրիլի համեմատ մայիսին 0.5% գնանկում է արձանագրվել, որի պարագայում 12-ամսյա գնաճը, ինչպես և նախանշվել էր ԿԲ 2015-ի երկրորդ եռամսյակի ԴՎՔ ծրագրում, գտնվել է նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ ամսվա վերջին կազմելով 5.1%:

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության` երկրում ոչ պարենային ապրանքների ընդհանուր գները մայիսին ,ապրիլի համեմատ, աճել են 0.1%-ով։ Սպառողական գները մայիսին 2014-ի ցուցանիշի համեմատ նվազել են 0,5%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` աճել 5,1%: Ըստ պետբյուջեի, գնաճը ՀՀ-ում 2015-ի համար գրանցված է 4% (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ աճը` 4,1%:

ԿԲ հաղորդագրության համաձայն, արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և առաջարկի ավելացման գործոնների ներքո շարունակվել են գնանկումային միտումները, որոնք արտացոլվել են մի շարք ներմուծված պարենային ապրանքների գների (շաքարավազ, կենդանական և բուսական յուղեր) նվազող վարքագծում:

Ներքին տնտեսությունում շարունակվել են գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները՝ հանգեցնելով գյուղատնտեսական (հիմնականում՝ բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի) ապրանքների գների նվազմանը: Արդյունքում, պարենային ապրանքների գներն ամսվա ընթացքում նվազել են 1.2%-ով:

ԱՎԾ-ի տվյալներով, պարենային ապրանքների գնանկումը պայմանավորված էր հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի, հավկիթի, շաքարի և կաթնամթերքի էժանացմամբ` 8,6-1,2%:Մայիսին բանջարեղենի և կարտոֆիլի գներն ապրիլի համեմատ նվազել են 8,6%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 10%:

Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագներն էականորեն չեն փոխվել՝ արտացոլելով տարեվերջին փոխարժեքի արժեզրկման ազդեցության մարումը:

Արդյունքում, փաստացի գնաճը վկայում է, որ այն գտնվում է ՀՀ ԿԲ կանխատեսումների շրջանակում, և այն 2015-ի ընթացքում կպահպանվի նպատակային ցուցանիշի 4%+/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ աստիճանաբար կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---